Ադրբեջան

ՀԱՊԿ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունված եզրափակիչ հռչակագրում։

«Մենք գոհունակությամբ ենք արձանագրում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական ​​երկխոսությունը։ Մենք աջակցում ենք համապարփակ կարգավորմանը և կողմերի միջև անվերապահ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը», - ասվում է հռչակագրում։

Նոյեմբերի 27-ին Բիշքեկում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։ 

Նիստի արդյունքներով ՀԱՊԿ ղեկավարները ստորագրել են հռչակագիր, որում ուրվագծվում են անդամ պետությունների համատեղ մոտեցումները միջազգային և տարածաշրջանային օրակարգերի հիմնական հարցերի վերաբերյալ։ Ստորագրվել է նաև հայտարարություն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Հայաստանը չի մասնակցել Բիշքեկում կայացած գագաթնաժողովին։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։ Պատճառը 2021-2023 թվականներին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների ժամանակ ՀԱՊԿ կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում