Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է

2 րոպեի ընթերցում

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է կատարել Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։ Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն, այնուամենայնիվ, որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ»,- նշել է փաստաբանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված մեծածավալ միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել և ստացել են կաշառք-գումարներ։ 

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հոկտեմբերի 21-ին երկու ամսով կալանավորվել է։

Հայերեն English Русский