Քաղաքականություն

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ում ԵՄ առաքելության ձևաչափը կփոխվի. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ում ԵՄ առաքելության ձևաչափը կփոխվի. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ձևաչափում փոփոխություններ չեն լինի մինչև երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել և կլինեն, ինչի վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների հետ ունեցել ենք և պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ»,- ասաց վարչապետը: 

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարից։ 2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը 2 տարով երկարաձգելու որոշում կայացրեց։  

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում կա կետ, որի համաձայն՝ երկու երկրները միմյանց հետ միջպետական սահմանին չեն տեղակայի երրորդ երկրների ուժեր։ Երկու երկրներն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրելու համար Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման ներկայացնել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանի այդ նախապայմանն անընդունելի է հայկական կողմի համար։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում