Քաղաքականություն

Իրանցի փորձագետը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ուրախալի է համարում Թեհրանի համար

3 րոպեի ընթերցում

Իրանցի փորձագետը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ուրախալի է համարում Թեհրանի համար

Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, վերլուծաբան Էհսան Մովահեդիանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ուրախալի և գոհացուցիչ է Իրանի համար, քանի որ դրանով անվտանգություն և խաղաղություն է հաստատվում կովկասյան տարածաշրջանում՝ հնարավորություն տալով ընդլայնել տնտեսական և առևտրային համագործակցությունը։   

Էհսան Մովահեդիանը նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և դրա նշանակությանն ամբողջ տարածաշրջանի ապագայի համար։   

Իրանցի բանախոսի կարծիքով՝ գործընթացն առավել արդյունավետ կարող էր լինել, եթե Իրանը կամ Հայաստանի հարևաններից որևէ մեկն այդ խաղաղության միջնորդ հանդիսանային։  

Միջազգայնագետն այս նկատառումը կատարել է՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ Իրանը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հարևանն է ու իսկապես շահագրգռված է երկու երկրների միջև խաղաղության հաստատմամբ։ 

«Կան կասկածներ Միացյալ Նահանգների մտադրությունների վերաբերյալ։ Այս երկիրը հիմնականում հետապնդում է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազեցումը, և Դոնալդ Թրամփը խաղաղության փաստաթուղթը ստորագրել է որպես վկա, այլ ոչ թե որպես համաձայնագրի կողմ»,- նշել  է զրուցակիցը։ 

Էհսան Մովահեդիանն, այսուհանդերձ, դրական կետ է համարում, որ վաշինգտոնյան փաստաթղթերում շեշտը դրվում է Հայաստանի տարածքային ամբողջականության և պահպանման վրա։   

Փորձագետի բնորոշմամբ՝ իրանցի որոշ փորձագետներ մտահոգված են, որ ամերիկյան ընկերությունների ներկայությունը Իրանի սահմաններին կհանգեցնի ԱՄՆ-ի անվտանգային ներկայության և Իրանի քաղաքացիների ու ապրանքների տեղաշարժի ու տեղափոխման խափանման։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել։ Մինչ հռչակագրի ստորագրումը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել էին խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև համատեղ նամակով դիմել էին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Նույն օրը Հայաստանը նաև համագործակցության երկկողմ հուշագրեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում