Գյումրիի համայնքապետարանի դիմաց ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ. կան բերման ենթարկվածներ
2 րոպեի ընթերցում
Գյումրիի համայնքապետարանի դիմաց ի պաշտպանություն համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի հավաքված ցուցարարների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, կան բերման ենթարկվածներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյումրիի համայնքապետարանի մոտ ոստիկանության աշխատակիցները փորձում էին ոստիկանական պատ կազմել, որպեսզի իրավապահները կարողանան համայնքապետարանի շենքից դուրս հանել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալելու որոշում է կայացրել։
Մի խումբ ցուցարարներ փորձեցին խոչընդոտել ոստիկանության գործողություններին, ինչից հետո էլ ոստիկանների և նրանց միջև բախում սկսվեց։ Համացանցում տարածվող տեսանյութերից երևում է, որ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիների։
Ներքին գործերի նախարարությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին, որ կան բերման ենթարկվածներ։ Թե քանի անձ է բերման ենթարկվել, ՆԳՆ-ից չհայտնեցին՝ խոստանալով ավելի ուշ տեղեկատվություն տրամադրել նաև բերման ենթարկվածների թվի վերաբերյալ։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին և համայնքապետարանի ևս 7 աշխատակիցների կալանավորելու որոշում է կայացվել։ Նրանք մեղադրվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։