Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետն ու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի և վարժարանի սաների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր, առկա հիմնախնդիրները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև քրիստոնեական արժեքների տարածման և պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև այլ հոգևոր և հասարակական թեմաների շուրջ։

Հանդիպման ավարտին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանը վարչապետ Փաշինյանին է նվիրել Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որը օգտագործվում է պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։ Կաթողիկոս-պատրիարքը վարչապետին է հանձնել նաև հուշամեդալ՝ պատրաստված ի հիշատակ հոկտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցած սրբադասման արարողության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում