Իրավունք

Մայր Աթոռն արձագանքել է Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալություններին

3 րոպեի ընթերցում

Մայր Աթոռն արձագանքել է Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալություններին

Մայր Աթոռն արձագանքել է հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրականացված իրավապահ մարմինների գործողություններին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հայտարարության մեջ ասվում է, որ իրավապահ մարմինները լուսադեմին խուզարկություններ են իրականացրել թեմի առաջնորդարանում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև քահանաների և աշխատակիցների բնակարաններում։ 

Ըստ հաղորդագրության՝ բերման են ենթարկվել թեմի առաջնորդը, 12 քահանա և մի քանի աշխարհիկ աշխատակիցներ։ 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն ապօրինի է որակել քրեական գործողությունները` նշելով. «Նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու Եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու Եկեղեցու հեղինակությանը և վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում»։ 

Հայտարարության մեջ նաև նշված է, որ որոշ ձերբակալված հոգևորականների պահման վայրերը ժամեր շարունակ անհայտ են եղել, և նրանք զրկված են եղել իրավական աջակցություն ստանալու հնարավորությունից։ 

Հոկտեմբերի 15-ին իրականացված գործողությունների վերաբերյալ Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ 

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- նշում են Քննչական կոմիտեից։ 

Մարդու իրավունքների պաշտպանը ևս արձագանքել է իրավիճակին` անթույլատրելի համարելով անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով վարույթն իրականացնող մարմին ժամանած փաստաբանների մուտքի և վստահորդների հետ տեսակցելու առումով խնդիրներ ստեղծելու դեպքերը: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը կապի մեջ է փաստաբանների հետ, նրանց տրամադրվում է տեղեկատվություն նրանց վստահորդների գտնվելու վայրի վերաբերյալ:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում