ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների գործարկման և այլ հարցերի շուրջ
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը ներկա են եղել տնօրեն Թոմաս Բեքեթը, տրանսատլանտյան կապերի գծով ավագ հետազոտող, դեսպան Մայքլ Քարփենթերը, ինստիտուտի այլ ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային նոր միջավայրի ձևավորմանն ու հաղորդակցության ուղիների գործարկմանը։
Նշվում է, որ քննարկվել է համատեղ ուսումնասիրությունների և գիտաժողովների անցկացման հնարավորությունը, մասնավորապես, թե ինչպես օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները և TRIPP նախագիծը կարող են փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դինամիկան։