Եվրոպական Միությունում սկսում է գործել մուտքի/ելքի նոր համակարգ

2 րոպեի ընթերցում

Եվրոպական Միությունում սկսում է գործել մուտքի/ելքի նոր համակարգ

Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System – EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից: 

Ընդգծվում է, որ նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար։

Ինչ պետք է իմանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները

Ո՞ւմ է վերաբերում - Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։

Ի՞նչ է փոխվում - Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետությունները կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքների դնելու գործելակերպը։

Գրանցվող տվյալները.

  • Անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն)
  • Ճամփորդական փաստաթղթի տվյալներ
  • Մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր
  • Կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։

Վավերականության վերահսկում - Համակարգը ավտոմատ կերպով կվերահսկի, թե արդյոք թույլատրելի է տվյալ անձի մուտքը, և արդյոք չի գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը։

Որտե՞ղ է գործելու - Համակարգը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։

Ինչպե՞ս պատրաստվել - Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին՝ հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։

EES-ը ԵՄ լայնածավալ թվային սահմանային կառավարման համակարգ է, որը մշակվել է միգրացիոն գործընթացների թափանցիկության և անվտանգության բարձրացման նպատակով։ Համակարգի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով.

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում