Բարձր տեխնոլոգիաներ

«ԴիջիԹեք 2025»-ին մի շարք նորույթներ են նախատեսվում. կազմակերպիչները մանրամասներ ներկայացրեցին

4 րոպեի ընթերցում

«ԴիջիԹեք 2025»-ին մի շարք նորույթներ են նախատեսվում. կազմակերպիչները մանրամասներ ներկայացրեցին

Կանխատեսվում է, որ հոկտեմբերի 10-12-ը նախատեսվող «ԴիջիԹեք 2025»-ին կմասնակցի շուրջ 40 հազար այցելու աշխարհի 20 երկրից, ինչպես նաև համաշխարհային համբավ վայելող ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ և 250 առաջատար ընկերություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը համարվող «ԴիջիԹեք»-ին ընդառաջ՝ այս մասին հայտնեցին կազմակերպիչները։

Այս տարի Երևանի քաղաքապետարանը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել միջոցառմանը, այլ նաև տեխնոլոգիական ցուցահանդեսին կմասնակցի առանձին տաղավարով։

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի համոզմամբ՝ «ԴիջիԹեք»-ի մեկնարկն ազդարարում է, որ Երևանը շարունակում է ամրապնդել իր դիրքը՝ որպես տեխնոլոգիական առաջատար կենտրոն տարածաշրջանում։ 

«Քաղաքապետարանի համար կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկը Երևանը ժամանակակից, նորարար և տեխնոլոգիապես հարուստ քաղաք դարձնելն է։ 

Դրա դրսևորումներից է նաև «ԴիջիԹեք»-ը։ Այս տարի մենք առաջին անգամ ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել այս խոշոր նախաձեռնությանը, ինչպես նաև ունենալու ենք «Երևան» տաղավար, որտեղ կներկայացնենք մեր քաղաքում իրականացվող տեխնոլոգիական և խելացի լուծումները։ 

«ԴիջիԹեք»-ը եզակի հարթակներից է, որտեղ խաչվում են տեղական նախաձեռնություններն ու գլոբալ փորձը, ստեղծվում համագործակցության նոր կամուրջներ, ձևավորվում տեսլականներ, որոնք վեր են անցնում ցուցահանդեսային ֆորմատից։ Սա տնտեսության ակտիվացման, տուրիզմի խթանման և քաղաքային միջավայրի վերարժևորման իրական հնարավորություններից է»,-ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է՝ շարունակել համագործակցությունը ոլորտի մասնագետների և միջազգային կազմակերպությունների հետ՝ նպաստելով նորարար միջավայրի ամրապնդմանը։ 

Արդեն 20-րդ անգամ անցկացվող «ԴիջիԹեք»-ի կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։ 

Միության տնօրեն Սարգիս Կարապետյանն ասաց, որ միջոցառումները կտևեն երեք օր և երկու գիշեր՝ 24- ժամյա ռեժիմով, ինչն, ըստ նրա, աննախադեպ ձևաչափ է։

««ԴիջիԹեք»-ը միշտ եղել է նոր մտքեր, ինովացիաներ թեստավորելու, հաճախորդներից արձագանքներ ստանալու, ներդրումներ և հաճախորդներ ներգրավելու  հարթակ։ Տարիների ընթացքում բազմաթիվ են պատմությունները, երբ մարդիկ, նույնիսկ ընկերություն չունենալով, «ԴիջիԹեք»-ում տաղավար են վերցրել, ներկայացրել իրենց գաղափարը և այնքան հաճախորդներ ու ներդրումներ են ունեցել, որ գրանցվել են որպես ընկերություն»,-նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս տարի միջոցառման ընթացքում նախատեսվում են ինչպես ավանդական դարձած տեխնոլոգիական ցուցահանդեսը, կոնֆերանսը՝  արհեստական բանականության, ներդրումների, ստարտափների և միջազգային աճի թեմաներով, այլ նաև կկազմակեպվեն նոր ձևաչափով միջոցառումներ, մասնավորապես, մասնագիտական դասընթաց-աշխատարաններ ավելի նեղ լսարանի համար։ Բացի այդ, բազմաթիվ ստարտափներ հնարավորություն կունենան ներկայանալու «Ստարտափ-ճեմուղի»-ում։ 

Նախատեսվում են նաև մարզական ու տեխնոլոգիական լուծումներով երաժշտական միջոցառումներ և այլն։ 

«Այս ամբողջն արվել է ցույց տալու համար, թե ինչպես է Երևանն ընդունում տեխնոլոգիական մարդկանց և ինչպիսի տեսք ունի կյանքը տեխնոլոգիական մարդու համար Երևանում»,-ասաց Կարապետյանը։ 

Միջոցառման հիմնական աջակիցներն են ՀՀ կառավարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը  և Երևանի քաղաքապետարանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում