44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց
2 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների մի խումբ ծնողներ և հարազատներ սեպտեմբերի 29-ին բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության վարչական համալիրի դիմաց։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք փակել են շենքի մուտքը և հայտարարել, որ չեն թողնի որևէ մեկի դուրս գալ։
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի օրը, նրանք արդեն իսկ ակցիա էին իրականացրել ՊՆ-ի դիմաց և փակել նախարարության մուտքերն ու ելքերը։
Ակցիայի մասնակիցներից Արսեն Ղուկասյանը դեռ շաբաթ օրը հայտարարել էր, որ եթե երկուշաբթի խոստացված հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի։ «Թող ժողովուրդը մեզ ների, բայց քաղաքը կոլապսի կենթարկենք՝ փակելով գլխավոր ճանապարհները։ Մենք արդեն հինգ տարի սպասում ենք մեր որդիների մասին որևէ հստակ լուրի»,-նշել էր նա։
ՊՆ-ի մոտ իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ծնողները հայտարարեցին, որ նախապես իրենց հավաստիացրել էին՝ կկայանա հանդիպում ԶՈՒ ԳՇ պետի և նրա խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Սակայն նրանց տեղեկացվել է, որ հանդիպման պատրաստ է միայն պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ առաջարկելով ընդունել ծնողներից երեքին։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ մոտ 30 հոգով եկել են նախարարության շենքի մոտ և չեն ցանկանում հանդիպել փոխնախարարի հետ:
«Նրան արդեն մի քանի անգամ հանդիպել ենք, բայց որևէ դրական տեղաշարժ չի եղել»,-ընդգծեցին նրանք։
Տարածք ժամանած ոստիկանները փորձել են ազատել մուտքի հատվածը, ինչի հետևանքով քաշքշուկ է սկսվել։ Այս ընթացքում ակցիայի մասնակիցներից Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադ։
Պաշտպանության նախարարության մուտքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։