Թրամփը «շատ դժգոհ է» Կատարին Իսրայելի հարվածներից

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ դժգոհ է» Դոհային Իսրայելի հասցրած հարվածի «յուրաքանչյուր ասպեկտից»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես ոգևորված չեմ դրանից։ Դա լավ իրավիճակ չէ, բայց ես կասեմ հետևյալը՝ մենք ցանկանում ենք վերադարձնել պատանդներին, բայց մենք ուրախ չենք, թե ինչպես ամեն ինչ ընթացավ այսօր», - ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին։ 

Մինչ այդ Թրամփն իր Truth Social հարթակում հայտնել էր, որ իր վարչակազմը տեղեկացված է եղել Դոհայում ՀԱՄԱՍ-ին հարվածելու՝ Իսրայելի որոշման մասին։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ին հարվածելը «արժանի նպատակ է»։

«Այս որոշումն ընդունել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ոչ թե ես։ Միակողմանի ռմբակոծությունը Կատարի տարածքում՝ որպես ինքնիշխան պետության և Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակցի, որը շատ ջանասիրաբար աշխատում է և խիզախորեն մեզ հետ միասին ռիսկի է դիմում խաղաղություն հաստատելու համար, չի նպաստում ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Ամերիկայի նպատակներին: Այնուամենայնիվ, ՀԱՄԱՍ-ի վերացումը, որն օգտվում է Գազայի բնակիչների տառապանքից, արժանի նպատակ է», - գրել է Թրամփը։

Նախագահը հավելել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին հրահանգել է անմիջապես տեղեկացնել Կատարին վերահաս հարձակման մասին, և Ուիթքոֆն այդպես էլ արել է։

«Այնուամենայնիվ, արդեն չափազանց ուշ էր կանգնեցնել հարձակումը», - գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը տեղեկացրել է նաև, որ հարվածներից հետո խոսել է ինչպես վարչապետ Բենիամին Նեթանյահուի, այնպես էլ Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Թրամփը կատարցի պաշտոնյաներին հավաստիացրել է, որ նման բան այլևս տեղի չի ունենա նրանց հողի վրա։ 

«Ես հրահանգել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ավարտին հասցնել Կատարի հետ պաշտպանական համագործակցության համաձայնությունը», - եզրափակել է Թրամփը։ 

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով Դոհայում զոհվել են իր անդամներից հինգը։ 

Մերձավոր Արևելք

Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանել

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին