Մերձավոր Արևելք

Թրամփը «շատ դժգոհ է» Կատարին Իսրայելի հարվածներից

2 րոպեի ընթերցում

Թրամփը «շատ դժգոհ է» Կատարին Իսրայելի հարվածներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ դժգոհ է» Դոհային Իսրայելի հասցրած հարվածի «յուրաքանչյուր ասպեկտից»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես ոգևորված չեմ դրանից։ Դա լավ իրավիճակ չէ, բայց ես կասեմ հետևյալը՝ մենք ցանկանում ենք վերադարձնել պատանդներին, բայց մենք ուրախ չենք, թե ինչպես ամեն ինչ ընթացավ այսօր», - ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին։ 

Մինչ այդ Թրամփն իր Truth Social հարթակում հայտնել էր, որ իր վարչակազմը տեղեկացված է եղել Դոհայում ՀԱՄԱՍ-ին հարվածելու՝ Իսրայելի որոշման մասին։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ին հարվածելը «արժանի նպատակ է»։

«Այս որոշումն ընդունել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ոչ թե ես։ Միակողմանի ռմբակոծությունը Կատարի տարածքում՝ որպես ինքնիշխան պետության և Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակցի, որը շատ ջանասիրաբար աշխատում է և խիզախորեն մեզ հետ միասին ռիսկի է դիմում խաղաղություն հաստատելու համար, չի նպաստում ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Ամերիկայի նպատակներին: Այնուամենայնիվ, ՀԱՄԱՍ-ի վերացումը, որն օգտվում է Գազայի բնակիչների տառապանքից, արժանի նպատակ է», - գրել է Թրամփը։

Նախագահը հավելել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին հրահանգել է անմիջապես տեղեկացնել Կատարին վերահաս հարձակման մասին, և Ուիթքոֆն այդպես էլ արել է։

«Այնուամենայնիվ, արդեն չափազանց ուշ էր կանգնեցնել հարձակումը», - գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը տեղեկացրել է նաև, որ հարվածներից հետո խոսել է ինչպես վարչապետ Բենիամին Նեթանյահուի, այնպես էլ Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Թրամփը կատարցի պաշտոնյաներին հավաստիացրել է, որ նման բան այլևս տեղի չի ունենա նրանց հողի վրա։ 

«Ես հրահանգել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ավարտին հասցնել Կատարի հետ պաշտպանական համագործակցության համաձայնությունը», - եզրափակել է Թրամփը։ 

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով Դոհայում զոհվել են իր անդամներից հինգը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում