Իրավունք

Հայաստանի գլխավոր դատախազը Սաուդյան Արաբիայի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազը Սաուդյան Արաբիայի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում 2025 թվականի սեպտեմբերի 8-ին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազ, Շեյխ Սաուդ Բին Աբդուլլահ Ալ-Մուջիբին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: 

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազին՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում նախաձեռնելու համար և ընդգծել, որ ԴՄԱ համաժողովը, ի թիվս այլնի, լավ հնարավորություն է երկխոսելու և ամրապնդելու իրավապահ կառույցների միջև գործընկերային հարաբերությունները: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երկու երկրների դատախազությունների միջև քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և քննարկել համագործակցության հեռանկարները: 

Դատախազությունից հիշեցնում են, որ Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա կայանալիք ժողովի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում