Աշխարհ

Զելենսկին Ուկրաինայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

3 րոպեի ընթերցում

Զելենսկին Ուկրաինայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել են անվտանգության և պատերազմի ավարտի մասին հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է X միկրոբլոգում։

«Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայում է։ Մեր հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկեցինք մեր հաջորդ համատեղ քայլերը, որոնք կարող են Ուկրաինայում և ամբողջ Եվրոպայում ապահովել ավելի մեծ անվտանգություն և մոտեցնել պատերազմի իրական ավարտը»,- գրել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ դա ներառում է Ուկրաինայի դիվանագիտությունը, անվտանգության երաշխիքները և ուկրաինացի զինվորների համար զենքի տրամադրումը։ 

«Մասնավորապես, PURL ծրագիրն արդեն գործում է, որը հնարավորություն է տալիս գործընկերների ֆինանսավորմամբ գնել ամերիկյան զենք։ Մենք արդեն ունենք 1,5 միլիարդ դոլար եվրոպական երկրներից։ Սա նշանակալի է։ Ես երախտապարտ եմ յուրաքանչյուր գործընկերոջ։ Մենք աշխատում ենք ավելին հավաքագրելու ուղղությամբ։ Մենք մեծապես գնահատում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աջակցությունը», - նշել է նա։

Իր հերթին, Մարկ Ռյուտեն Զելենսկու հետ համատեղ ասուլիսում նշել է, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրամիությունն աշխատում են այնպիսի անվտանգության երաշխիքների վրա, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չմտածի Ուկրաինայի վրա հարձակվելու մասին։

«Կարևորն այն է, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրոպան համատեղ աշխատում են։ Եվ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին։ Մենք պայմանավորվեցինք, որ կլինեն երկու շերտ։ Առաջին շերտը կլինի որևէ խաղաղության համաձայնագրի կնքումը կամ հրադադարի հաստատումը, կամ երկուսի համադրությունը», - Ռյուտեի խոսքերն է մեջբերում «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Ռյուտեի խոսքով՝ առաջին շերտը կլինի ուկրաինական ուժերի հնարավորինս ուժեղացման նպատակով, որպեսզի նրանք կարողանան դիմակայել ցանկացած դժվարության։

«Եվ երկրորդ շերտն այն է, ինչ կտրամադրեն Միացյալ Նահանգներն ու Եվրոպան։ Մենք, ըստ էության, սրա վրա ենք աշխատում», - հավելել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում