Քաղաքականություն

Այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր հարթություն. Փաշինյանը՝ վաշինգտոնյան համաձայնության մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններով Հայաստանը դուրս է եկել զարգացման նոր հարթություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման համոզմունք հայտնեց կառավարության նիստում: 

Վարչապետը նախ կառավարության բոլոր անդամներին շնորհավորեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով:

«Կառավարության կազմով, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով, հանրապետության նախագահի, խորհրդարանական մեր գործընկերների մասնակցությամբ, նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկումների շարք ենք ունեցել: Ես հրավիրել եմ, Վաշինգտոն մեկնելուց առաջ խորհրդակցություններ, քննարկումներ ու տեքստի վերլուծություններ ենք ունեցել: Եվ եկել ենք այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել»,-ասաց Փաշինյանը: 

Նա կատարված աշխատանքի և գործընթացին աջակցության համար կառավարության բոլոր անդամներին շնորհակալություն հայտնեց՝ շեշտեց, որ սրանով իրենց աշխատանքը ոչ թե ամփոփվում, այլ սկսվում է: 

«Ես համոզված եմ, որ այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ, զարգացման նոր հարթություն: Եվ այստեղ մեր աշխատանքի բովանդակությունն ու էներգիան պետք է ավելին լինի: Մեր աշխատանքի արդյունավետությունը պետք է ավելին լինի: Առջևում շատ մեծ աշխատանք կա անելու: Դա կառուցողական, խաղաղ, ստեղծագործ աշխատանք է: Եվ մենք բոլորս պետք է առավելագույնս կենտրոնացած լինենք այդ աշխատանքի վրա»,-հավելեց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց նաև հանրային հաղորդակցությունը, որ քաղաքացիները հասկանան, թե կառավարությունն ինչ է անում և ինչու է անում: «Նույնիսկ ամենամեծ ձեռքբերումները  խնդրահարույց են, եթե այդ հաջողությունների ծագումնաբանությունը հասկանալի չլինի հանրությանը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում կառավարության անդամները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնեն հանրային հաղորդակցությանը:  

Վարչապետը կառավարության բոլոր անդամներին հաջողություն մաղթեց այս նոր՝ խաղաղության ինստիտուցիոնալացման ստեղծագործ փուլում:  

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ համատեղ հռչակագիր են ստորագրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հռչակագիրը ստորագրել է որպես վկա։ Հայաստանն ու Ադրբեջանը նաև նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև համատեղ դիմում են ներկայացրել ԵԱՀՄ Մինսկի խոսւմբը լուծարելու հարցով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում