ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»
4 րոպեի ընթերցում

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։
Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների գործունեության և գիտության բոլոր բնագավառների հետազոտական արդյունքների հանրայնացումը, նպաստել հասարակության մեջ գիտության դերի և նշանակության վերաբերյալ հանրամատչելի բովանդակության ձևավորմանը և հանրության լայն շրջանակներին իրազեկմանը, գիտության հանրայնացման հանդեպ հետաքրքրության բարձրացմանն ու հանրայնացմամբ զբաղվող մասնագետների/լրագրողների շրջանակի ընդլայնմանը։
Մրցույթը վերաբերում է գիտության բոլոր բնագավառներին։ Նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել երկու ենթածրագրով։
Առաջին ենթածրագրով նախատեսվող միջոցառումների ուղղություններ են.
· հասարակության մեջ երիտասարդ գիտնականների ճանաչմանն ու նրանց գործունեության վերաբերյալ հանրամատչելի նյութերի ձևավորմանն ուղղված նախագծեր,
· գիտական հայտնագործությունների, ինչպես նաև գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ հանրամատչելի բովանդակության ստեղծմանն ուղղված նախագծեր (թարգմանչական նախագծեր, դասագրքեր, տեսաձայնային բովանդակություններ և այլն),
· աշակերտների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և գիտության տարբեր բնագավառների ծանոթացմանն ուղղված միջոցառումների իրականացում։
Այս ենթածրագրի յուրաքանչյուր նախագծի իրականացման համար ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամ։ Հայտի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ սեպտեմբերի 8-ն է։
Առաջին ենթածրագրով մրցույթին կարող են դիմել ՀՀ-ում գիտական և/կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին մասնագետներ, մասնագետներից բաղկացած խմբեր` տարբեր կազմակերպություններից։ Հայտատուն և խմբի դեպքում նաև անդամները պետք է հանդիսանան ՀՀ-ում մշտապես բնակվողներ կամ ռեզիդենտներ։
Երկրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել գիտական լրագրության և գիտության հանրայնացմանն առնչվող դասընթացների մասնակցության համար՝ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպություններում (կարճատև կուրսեր, աշխատաժողովներ, սեզոնային դպրոցներ)։ Նպատակն է զարգացնել և խորացնել լրագրողների գիտելիքներն ու հմտությունները գիտահանրամատչելի նյութերի ստեղծման և տարածման ոլորտում։
Այս ենթածրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել մինչև 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ֆինանսավորում դասընթացների մասնակցության համար՝ ինչպես առկա, այնպես էլ առցանց մասնակցության ձևաչափով։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․ թ․ հոկտեմբերի 31-ն է։
Այս ենթածրագրով թիրախավորվող միջոցառումների տևողությունը կարող է լինել 5-ից մինչև 60 օր։ Միջոցառումների մեկնարկի սկիզբը սահմանվում է 2026 թ. հունվարի 1-ը, իսկ ավարտը չպետք է գերազանցի 2026 թ. դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել մինչև 2025 թ․ դեկտեմբերի 1-ը։ Այս ենթածրագրով մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործունեություն ծավալող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև լրագրության մասնագիտությամբ սովորող ուսանողներ՝ առնվազն չորրորդ կուրսի։ Հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ-ում մշտապես բնակվող կամ ռեզիդենտ։
Մրցույթի փաթեթը՝ այստեղ։