Ճանապարհների ապաշրջափակումը կյանքի կոչելու համար մոտ ապագայում կստեղծվեն աշխատանքային խմբեր. ՏԿԵ նախարար
4 րոպեի ընթերցում
Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը կյանքի կոչելու նպատակով մոտ ապագայում կսկսվեն աշխատանքային գործընթացներ, կստեղծվեն աշխատանքային խմբեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վերջինիս բնորոշմամբ՝ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները կլինեն ՀՀ-ի իրավասության ներքո՝ դրանից բխող բոլոր տեխնիկական ու բովանդակային հարցերով։
«Ենթադրելի է, որ այդ ուղղությամբ աշխատանքային խմբեր կձևավորվեն, բոլոր մանրամասների մասին աշխատանքային խմբերը հանրությանը պատշաճ կերպով կիրազեկեն։ Առաջարկում եմ սպասել աշխատանքային խմբի ձևավորմանը, որի համար, իմ կարծիքով, երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի։ Դա կլինի հնարավորինս կարճ ժամկետում, սակայն հստակ ժամկետ այս պահին չեմ կարողանա ասել»,-ասաց նախարարը՝ լրագրողներին հորդորելով ճանապարհների ապաշրջափակման տեխնիկական բաղադրիչների մասին մանրամասները հարցնել ձևավորվելիք աշխատանքային խմբերին։
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ է ստանում ստորագրված համաձայնագրերով՝ Խուդաթյանը նկատեց, որ Երևանը դրանցով ստանում է ապաշրջափակված ճանապարհներ՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ։
«Նախ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեզ մի քայլով մոտեցնում է խաղաղությանը, ինչը, կարծում եմ, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված, ուրախալի և կարևոր իրադարձություն է։ Խաղաղության համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո պարզվեց, որ դրանում Հայաստանի համար ոչ մի սարսափելի, ողբերգական, չարագուշակ բան չկար»,-նշեց Խուդաթյանը՝ անդրադառնալով համաձայնագրի շուրջ լրատվամիջոցներում և հանրային դիսկուրսում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանություններին։
Նախարարը շեշտեց, որ ՀՀ-ի համար բացվում են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, քանի որ ապաշրջափակումը երկկողմանի գործընթաց է։
Նա նշեց, որ ճանապարհների օգտագործման տեխնիկական հարցերի հետ կապված անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ մեկնաբանություն։ Խուդաթյանը նշեց, որ մտավախություն չունի, թե ճանապարհների ապաշրջափակումը կարող է տեղի ունենալ միակողմանի՝ միայն Հայաստանի կողմից։
Նա շեշտեց, որ կառավարությունը կտրամադրի նաև լրացուցիչ տեղեկատվություն աշխատանքային խմբերի ձևաչափի վերաբերյալ։
ՏԿԵ նախարարն անդրադարձ կատարեց նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ի ինքնիշխան տարածքների օկուպացիայի խնդրի լուծմանը՝ վստահություն հայտնելով, որ այդ հարցը կլուծվի սահմանազատման գործընթացի արդյունքում։
«Կիրանցում արդեն իսկ իրականացված սահմանազատման գործընթացը և սահմանազատման տրամաբանությունը, ինչպես նաև նախկինում իրականացված սահմանազատման գործընթացը, վստահություն են ներշնչում, որ այս գործընթացը կշարունակվի, որի արդյունքում խնդիրները կլուծվեն»,-շեշտեց Խուդաթյանը։
Նա նաև վստահեցրեց, որ Ադրբեջանի հետ սկսված խաղաղության գործընթացի արդյունքում կլուծվի նաև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։