Տնտեսություն

Երեմյան ֆերման հյուրընկալել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

Երեմյան ֆերման հյուրընկալել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը և փոխդեսպան Լարս Հեննիգն այցելել են Երեմյան ընկերությունների խմբի՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայված, «Սերմից՝ սեղան» հայեցակարգով աշխատող խելացի ֆերմա, որը եզակի է տարածաշրջանում և ամենամեծը Հայաստանում։ 

Դիմավորելով հյուրերին՝ Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ներկայացրել է ֆերմայի գործունեությունը, ընկերության որդեգրած «Սերմից՝ սեղան» հայեցակարգը, փակ շղթայով 100 տոկոս անարատ, Ա կարգի կաթի ստացումը, բարձրակարգ կաթնամթերքի արտադրությունը։

«Մենք հասարակությանն ենք ներկայացնում բնական և բարձրակարգ կաթնամթերք, զարգացնում կաթ խմելու մշակույթն ու առողջ սովորությունները։ Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական նախագծերի մեր հաջողված փորձով նպաստում ենք Հայաստանում խելացի և կանաչ գյուղատնտեսության առաջընթացին, համայնքային զարգացմանը, պարենային անվտանգությանը։ Գյուղատնտեսության ոլորտում մեզ համար արժեքավոր է եղել եվրոպական, մասնավորապես՝ գերմանական փորձի ուսումնասիրությունը։ Գերմանիայի հետ մեր կապերը շատ են․ հանդիսանում ենք գերմանական հայտնի GEA բրենդի հայաստանյան ներկայացուցիչը, մեր հոլշտեյն տեսակի մաքրացեղ կովերը ներկրված են նաև Գերմանիայից, ունենք գերմանացի խորհրդատուներ, ամենակարևորը՝ աշխատում ենք գերմանական կարգապահությամբ և որակով»,- իր խոսքում նշել է Դավիթ Երեմյանը՝ ընդգծելով նաև Գերմանիայի գյուղատնտեսության ոլորտում պրակտիկ ուսումնառության և փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Դեսպան Կլաուդիա Բուշը բարձր է գնահատել Երեմյան ընկերությունների խմբի գործունեությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ «Սերմից՝ սեղան» եզակի հայեցակարգի ներդրումը, եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանությունը, կանաչ և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացումը, բնական, սեփական ֆերմայի կաթից ստացվող որակյալ կաթնամթերքի արտադրությունը։

Շրջայցի ընթացքում դեսպանը ծանոթացել է ֆերմայի գործունեությանը՝ սեփական դաշտերում կերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթի ստացում և տեղափոխություն Երևանում տեղակայված Երեմյան կաթնամթերքի գործարան, որը միակն է Հայաստանում FSSC22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատով։

Շրջայցի ավարտին դեսպան Կլաուդիա Բուշը Երեմյան կաթնամթերքի տարաների հետվերադարձի ծրագրի շրջանակներում, որը նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը և կանաչ գյուղատնտեսության զարգացմանը, ֆերմային է փոխանցել իր կողմից օգտագործված կաթնամթերքի տարաները։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում