Նիկոլ Փաշինյանն առկա մթնոլորտն առավել քան նպաստավոր է համարում Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործելու համար
2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում եւ փոխադարձության հիման վրա, ինչպես նաեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը տարածաշրջանային նոր որակի համագործակցություն հաստատելու հնարավորություն է ստեղծում։
Քննարկվել են նաեւ Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես, նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Վարչապետը նշել է, որ այդ պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբեւէ նպաստավոր է։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը։