Քաղաքականություն

ՌԴ-ում հույս ունեն, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը

5 րոպեի ընթերցում

ՌԴ-ում հույս ունեն, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը

Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման գոտու ձևավորմամբ: Դրա կարևորագույն պայմաններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է՝ հիմնված երկու երկրների ժողովուրդների շահերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք հետևողականորեն աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք նպաստում են տարածաշրջանային անվտանգության այս կարևոր նպատակի իրականացմանը: Այս առումով ամերիկյան կողմի միջնորդությամբ Վաշինգտոնում հարավկովկասյան հանրապետությունների ղեկավարների հանդիպումն արժանի է դրական գնահատականի: Հուսով ենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը», - նշված է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ Զախարովան հիշեցրել է, որ մինչև վերջերս «Բաքուն և Երևանը պնդում էին, որ նախընտրում են երկխոսություն վարել անմիջականորեն՝ առանց արտաքին օգնության»: 

Դիվանագետը նաև հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը «սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ բարձր մակարդակի հայտարարության ընդունմամբ»: 

«Տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորակազմ, որն անփոխարինելի ներդրում է ունեցել իրավիճակի կայունացման գործում», - նշել է Զախարովան՝ հիշելով նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված խաղաղապահներին: 

«2020-2022 թվականներին նույն եռակողմ ձևաչափով մշակվել է «ճանապարհային քարտեզ» Բաքվի և Երևանի միջև հաշտեցման բոլոր հիմնական ոլորտներում՝ խաղաղության պայմանագրի մշակում, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում, պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, քաղաքացիական հասարակության միջոցով կապերի զարգացում», - հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Նա նշել է, թե Հարավային Կովկասի խնդիրները լուծելու լավագույն տարբերակը հենց տարածաշրջանի երկրների կողմից լուծումների մշակումն ու հետագա իրականացումն է՝ իրենց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի աջակցությամբ:

«Արտատարածաշրջանային դերակատարների ներգրավումը պետք է նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը և չստեղծի լրացուցիչ դժվարություններ և բաժանարար գծեր: Ցանկալի կլիներ խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտությունների լուծման գործում Արևմուտքի օգնության տխուր փորձից», - նշված է հայտարարության մեջ:

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան լրացուցիչ կվերլուծի վաշինգտոնյան հայտարարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ: 

«Այս ոլորտում Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը, որոնցից ոչ ոք դուրս չի եկել, մնում են արդիական: Կարևոր է նաև հաշվի առնել Հայաստանի անդամակցության գործոնը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում, մասնավորապես՝ հանրապետության տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման առումով: Չի կարելի նաև անտեսել այն փաստը, որ Իրանի հետ Հայաստանի սահմանը պահպանում են ռուսաստանցի սահմանապահները, որոնք տեղակայված են 1992 թ. սեպտեմբերի 30-ի միջպետական համաձայնագրի համաձայն», -նշել է Զախարովան: 

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումը և ուժի մեջ մտնելը, ինչպես նաև միջպետական հարաբերությունների հաստատումը կարևորագույն նշանակություն կունենան երկու հարավկովկասյան հանրապետությունների միջև խաղաղություն հաստատելու գործում: Երկու երկրի միջև հաշտեցումը պետք է ներառված լինի տարածաշրջանային համատեքստի մեջ և հիմնված լինի շահերի հավասարակշռության և կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների նկատմամբ անվերապահ հարգանքի վրա», - եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում