Փաշինյանը կարծում է, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի գրանցած պատմական առաջընթացը հանգեցնելու է նաև առկա հումանիտար խնդիրների լուծմանը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ հայկական կողմն Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի թեման քննարկել ու բարձրացրել է բարձրագույն մակարդակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել է մամլո ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերին առնչվող հարցին։
«Արդեն ասել եմ, որ չկա որևէ բանակցություն, որի ընթացքում մենք Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման չենք բարձրաձայնում։ Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ կարող եմ ասել, որ տվյալ թեման քննարկվել ու բարձրացվել է բարձրագույն մակարդակում։ Հաշվի առնելով նաև նախորդ շրջանի իմ փորձը՝ այդ քննարկումների արդյունքների մասին ձեռնպահ կմնամ որևէ բան ասել։ Քանի դեռ արդյունք չկա և տեղի չի ունեցել այն, ինչ սպասում ենք, պետք է ընկալենք այնպես, որ արդյունք չկա։ Իսկ որ մենք բարձրագույն մակարդակում այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և կբարձրացնենք, իհարկե, ակնհայտ է։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ հումանիտար հարցերն, առանձին վերցրած, լուծում չունեն։ Այս պատմական առաջընթացը, որը մենք արձանագրում ենք, հենց բերելու է խնդիրների, այդ թվում՝ հումանիտար խնդիրների լուծմանը, որոնք ունեն բարդություններ։ Եթե բարդություններ չունենային, վաղուց լուծված կլինեին»,- նշեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հավելել է, որ հայկական կողմը հումանիտար հարցերը դիտարկում է իրենց ամբողջության մեջ և ոչինչ չի առանձնացնում։
«Նախկինում էլ այդպես ենք վարվել։ Այլ բան է, որ այդ հումանիտար հարցերը նաև սուբյեկտիվ, երբեմն էլ օբյեկտիվ պատճառներով մասամբ են լուծվել։ Մինչ այժմ չի հաջողվել դրանք ամբողջական լուծել, բայց մենք կշարունակենք աշխատել»,- ասաց Փաշինյանը։