ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով
2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը վճիռը hրապարակել է օգոստոսի 8-ին։
Դատարանը Ռուբեն Վարդազարյանին մեղավոր է ճանաչել 2021 թվականին ընդունված ՔՕ-ի 486-րդ հոդվածի 2 մասի 2 կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով)։
Դատարանը Վարդազարյանի նկատմամբ նաև լրացուցիչ պատիժ է նշանակել՝ նրան 2 տարի ժամկետով զրկելով տեղական կամ պետական ինքնակառավարման մարմիններում պաշտոններից զբաղեցնելու իրավունքից։
Վարդազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, մնաց անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: