ՀՀ ԳԱԱ-ում կկայանա «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում հուլիսի 22-ին կմեկնարկի «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։
Կոնֆերանսի նպատակն է թանգարանային ոլորտում խթանել նորարարությունը և համագործակցությունը։
Կոնֆերանսին կմասնակցեն Չինաստանի, Վրաստանի, Հայաստանի թանգարանների, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի կենտրոնի, Չինաստանի մշակույթի ժառանգության ազգային բյուրոյի, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների մասնագիտական և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Կոնֆերանսի ընթացքում կներկայացվի 17 զեկուցում թանգարանների կառավարման մեջ տեխնոլոգիաների ու նորարարության, թանգարանների կայուն զարգացման, թանգարանային պրակտիկայում ավանդույթի և նորարարության վերաբերյալ։
Չինաստանի և Հայաստանի թանգարանների և ինստիտուտների միջև կկնքվեն համագործակցության հուշագրեր:
Կոնֆերանսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն, Հայաստանի պատմության թանգարանը և «Գոտի և ճանապարհ» մշակութային զարգացման ասոցիացիան: