Քաղաքականություն

Հայաստանը բաց է չինական ներդրումների համար. Գևորգ Պապոյանն ընդունել է Լի Սինվեյին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը բաց է չինական ներդրումների համար. Գևորգ Պապոյանն ընդունել է Լի Սինվեյին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։

«Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց է չինական ներդրումների համար»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գևորգ Պապոյանի խոսքերն է մեջբերված Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:  ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, ավտոմեքենաների, էլեկտրամոբիլների, էլեկտրաշարժիչների և լիցքավորման ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնումը։

Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ներդրումային քաղաքականության առանցքային ուղենիշները՝ ընդգծելով օտարերկրյա ներդրողների համար ստեղծված բարենպաստ պայմանները։

Քննարկման առանցքային թեմաներից էր նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախարարի գնահատմամբ կարող է դառնալ տարածաշրջանային և լայնածավալ տնտեսական համագործակցության կարևոր հարթակ։

Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը ունի մեծ ներուժ չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու համար։ Նա նաև ընդգծել է, որ չինացի սպառողների շրջանում մեծ սեր և հետաքրքրություն կա հայկական ապրանքանիշերի՝ մասնավորապես կոնյակի (հայկական բրենդիի), գինու և ծխախոտի նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում