Եվրոպա

«Ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» կարգախոսով Դանիան ստանձնում է ԵՄ նախագահությունը

4 րոպեի ընթերցում

«Ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» կարգախոսով Դանիան ստանձնում է ԵՄ նախագահությունը

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Ստրասբուրգում ընթացող Եվրախորհրդարանի լիագումար նիստում  ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Դանիայի ծրագրերն ու առաջնահերթությունները ԵՄ խորհրդում վեցամսյա նախագահության ընթացքում։ Նրան ողջունելով՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ընդգծեց, որ Դանիան ստանձնում է նախագահությունը վճռական մի պահի, երբ «Ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» կարգախոսը լավագույնս է արտահայտում ԵՄ-ի կարիքները։ 

Ստրասբուրգում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մեցոլան նշեց, որ Դանիան լավ դիրք ունի՝ առաջնորդելու Եվրոպան իր օրինակով և շեշտեց, որ Եվրախորհրդարանը պատրաստ է համագործակցել բոլոր ուղղություններով՝ հատկապես կարևորելով ԵՄ հաջորդ բյուջեն։ 

Ֆրեդերիկսենը իր ելույթում ասաց, որ Եվրոպան կանգնած է աշխարհաքաղաքական և տնտեսական այնպիսի մարտահրավերների առաջ, ինչպիսիք վերջին անգամ նկատվել են միայն 1940-ականներին։ Նա շեշտեց, որ Եվրոպան պետք է պատասխանատվություն վերցնի իր անվտանգության համար՝ մինչև 2030 թվականը դառնալով ինքնաբավ և ամրապնդելով սեփական պաշտպանական արդյունաբերությունը։ 

Դանիայի վարչապետը հատուկ ընդգծեց, որ ԵՄ աջակցությունը Ուկրաինային բարեգործություն չէ, այլ միաժամանակ նպաստում է ԵՄ-ի սեփական պաշտպանունակությանը։ Սակայն նրա ամենակտրուկ ուղերձը վերաբերում էր միգրացիային։ Նա հայտարարեց․ «Մենք պետք է նվազեցնենք միգրացիոն հոսքերը Եվրոպա»։ 

Ֆրեդերիկսենը, որը հաճախ հանդես է եկել ավելի կոշտ դիրքորոշումներով՝ անգամ ընդդեմ սոցիալ-դեմոկրատական ավանդույթների, այժմ հայտնվում է նույն ճակատում։ Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը միգրացիան օգտագործում է որպես քաղաքական և ռազմավարական զենք ԵՄ-ի արևելյան սահմաններում, ինչը ևս մեկ պատճառ է, որ ԵՄ-ն ուժեղացնի արտաքին սահմանների պաշտպանությունը։ «Մեր քաղաքացիները իրավունք ունեն իրենց անվտանգ զգալ իրենց երկրում։ Մենք պետք է ապահովենք դա»,-հայտարարեց Ֆրեդերիկսենը։ 

Ֆրեդերիկսենը նշեց, որ Եվրոպան հետ է մնում համաշխարհային մրցակցության մեջ,  ուստի անհրաժեշտ է զարգացնել կանաչ ու մրցունակ տնտեսություն։ Նա կոչ արեց արագ համաձայնության գալ ԵՄ 2040թ․ կլիմայական նպատակի շուրջ՝ ապահովելով հստակություն բիզնեսների համար և համաշխարհային առաջնորդություն կլիմայի հարցում։ 

Նա նաև կողմ արտահայտվեց ԵՄ երկարաժամկետ բյուջեի բարեփոխմանը՝ շեշտելով, որ այն պետք է դառնա ավելի ճկուն, պարզեցված, կանխատեսելի և ավելի հարմար ԵՄ քաղաքական առաջնահերթությունների սպասարկման համար։

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ ողջունեցին այն փաստը, որ Դանիան  ուշադրություն է դարձնում պաշտպանությանը և մրցունակությանը ՝ ընդգծելով պաշտպանական արդյունաբերության զարգացման և դաշնակիցների հետ համագործակցության անհրաժեշտությունը։ Ոմանք պահանջեցին իրականացնել Դրագիի զեկույցի առաջարկները և պարզեցնել փոքր ու միջին բիզնեսի զարգացման պայմանները։

Շատ այլ պատգամավորներ էլ շեշտեցին ապօրինի միգրացիայի դեմ պայքարի կարևորությունը։ Ոմանք կոչ արեցին նաև աջակցել Եվրոպա հասնող կարիքավորներին, իսկ մի քանիսը առաջ քաշեցին մշտական սահմանային հսկողության գաղափարը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում