ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնել Հայաստանի ներքին գործերին կոպտագույն միջամտության վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնել՝ կապված Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում և պաշտոնյաների կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող հայտարարությունների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ պատասխանելով Radar Armenia-ի գրավոր հարցմանը։

Նշվում է, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ՀՀ կառավարության դեմ հնչող բացահայտ ոչ բարեկամական, երբեմն թշնամական քարոզչությունն առաջացրել է հայկական կողմի խիստ դժգոհությունը։

«Հաշվի առնելով, որ թեման վստահաբար ՀՀ քաղաքացիների ուշադրության կենտրոնում է և բուռն հանրային քննարկումների առարկա՝ ՀՀ քաղաքացիներից չենք թաքցնում հայտագրի բովանդակությունը:

Դրանում խիստ բողոք է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության զանգվածային լրատվամիջոցներում Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ ծավալված բացահայտ ոչ բարեկամական, հաճախ թշնամական քարոզչության կապակցությամբ, որն ակտիվորեն սնվում է որոշ պաշտոնյաների, ՌԴ Պետական դումայի պատգամավորների, լրատվամիջոցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հայտարարություններով:

Հայտագրում ընդգծվել է, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ուղիղ եթերում հնչող վիրավորական արտահայտությունները և ՀՀ իշխանությունների գործունեության թիրախավորումը բացարձակապես անընդունելի են և հանգեցնում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի այցելությունների դրական արդյունքների չեզոքացման:

Հայտագրում նշվել է, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից պետական հեղաշրջման փորձի կանխման օրինական գործողությունների վերաբերյալ ՌԴ Պետական դումայի առանձին պատգամավորների մեկնաբանություններն ու հայտարարությունները ոչ միայն զարմանք, այլև վրդովմունք են առաջացնում: Համաձայն այդ հայտարարությունների՝ պետական հեղաշրջում պլանավորող անձանց ձերբակալությունը համարվում է «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական ոչ բարեկամական քայլ»:

Ըստ այդմ՝ նման հայտարարությունները ոչ միայն անհեթեթ են, քանզի անհասկանալի է, թե ինչպես և ինչու է պետական հեղաշրջման կանխումը համարվում ոչ բարեկամական քայլ, այլև ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նման տեղեկատվական քաղաքականությունն իրականացվում է նպատակաուղղված կերպով՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրինականության և սահմանադրական կարգի խաթարման նպատակով»,- ասվում է պատասխանում:

Նախարարությունը ՌԴ գործընկերներին կոչ է արել անհապաղ և գործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերոնշյալ ոչ բարեկամական դրսևորումները դադարեցնելու համար:

 

 

 

 

 

Հայերեն العربية English Français Русский 中文

Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար

Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը

«Վեոլիա Ջուր»-ը հերքում է խմելու ջրի որակի վերաբերյալ պնդումները

Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը

Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից

ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին

Անահիտ Մանասյանն Առուշ Առուշանյանի հետ քննարկել է Գորիսում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Կոոպերացիան իրական գործիք է, որը կօգնի զարգացնել գործընկերային համագործակցությունը. Գոհար Բարսեղյան