Ռուսաստան

ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնել Հայաստանի ներքին գործերին կոպտագույն միջամտության վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնել Հայաստանի ներքին գործերին կոպտագույն միջամտության վերաբերյալ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնել՝ կապված Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում և պաշտոնյաների կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող հայտարարությունների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ պատասխանելով Radar Armenia-ի գրավոր հարցմանը։

Նշվում է, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ՀՀ կառավարության դեմ հնչող բացահայտ ոչ բարեկամական, երբեմն թշնամական քարոզչությունն առաջացրել է հայկական կողմի խիստ դժգոհությունը։

«Հաշվի առնելով, որ թեման վստահաբար ՀՀ քաղաքացիների ուշադրության կենտրոնում է և բուռն հանրային քննարկումների առարկա՝ ՀՀ քաղաքացիներից չենք թաքցնում հայտագրի բովանդակությունը:

Դրանում խիստ բողոք է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության զանգվածային լրատվամիջոցներում Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ ծավալված բացահայտ ոչ բարեկամական, հաճախ թշնամական քարոզչության կապակցությամբ, որն ակտիվորեն սնվում է որոշ պաշտոնյաների, ՌԴ Պետական դումայի պատգամավորների, լրատվամիջոցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հայտարարություններով:

Հայտագրում ընդգծվել է, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ուղիղ եթերում հնչող վիրավորական արտահայտությունները և ՀՀ իշխանությունների գործունեության թիրախավորումը բացարձակապես անընդունելի են և հանգեցնում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի այցելությունների դրական արդյունքների չեզոքացման:

Հայտագրում նշվել է, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից պետական հեղաշրջման փորձի կանխման օրինական գործողությունների վերաբերյալ ՌԴ Պետական դումայի առանձին պատգամավորների մեկնաբանություններն ու հայտարարությունները ոչ միայն զարմանք, այլև վրդովմունք են առաջացնում: Համաձայն այդ հայտարարությունների՝ պետական հեղաշրջում պլանավորող անձանց ձերբակալությունը համարվում է «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական ոչ բարեկամական քայլ»:

Ըստ այդմ՝ նման հայտարարությունները ոչ միայն անհեթեթ են, քանզի անհասկանալի է, թե ինչպես և ինչու է պետական հեղաշրջման կանխումը համարվում ոչ բարեկամական քայլ, այլև ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նման տեղեկատվական քաղաքականությունն իրականացվում է նպատակաուղղված կերպով՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրինականության և սահմանադրական կարգի խաթարման նպատակով»,- ասվում է պատասխանում:

Նախարարությունը ՌԴ գործընկերներին կոչ է արել անհապաղ և գործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերոնշյալ ոչ բարեկամական դրսևորումները դադարեցնելու համար:

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում