Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները մշտական կապի մեջ են այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ. ԱԳՆ
3 րոպեի ընթերցում

Իրանում և Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը:
Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ Բեթղեհեմում գտնվող զբոսաշրջիկների խումբը, որը տեղափոխվել էր Եգիպտոս:
Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացի` հիմնականում ՀՀ տեղափոխմանն առնչվող հարցերով. դեսպանությունը տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, ըստ իրավիճակի և անհրաժեշտության՝ աջակցություն:
2025թ. հունիսի 13-ից սկսած ՀՀ ԱԳ նախարարությունը ստացել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հայտեր։ Դա վերաբերում է ինչպես ԻԻՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, այնպես էլ այլ քաղաքացիների։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրատապ կարգով ցուցաբերել է անհրաժեշտ աջակցությունը՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում վիզայի տրամադրման հարցերում։
«Այսպես, հավանաբար արդեն տեղյակ եք հնդիկ ուսանողների տարհանման մասին, որն իրականացվեց համաձայն երկու երկրների ԱԳ նախարարների պայմանավորվածության: Տարհանման հարցում արագ արձագանք և որոշակի աջակցություն է ցուցաբերվել նաև Ղազախստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Ավստրայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Զիմբաբվեի, Նիգերայի, Սիերա Լեոնի քաղաքացիներին», - ասաց Բադալյանը:
ՀՀ սահմանով տեղափոխվել են նաև այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Լիբանանի և այլն: Աջակցության խնդրանքներ կան նաև այլ պետություններից։
Աշխատանքները, այդ թվում ՀՀ այլ պատկան գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, շարունակվում են։