Վարչապետը չի բացառում, որ ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնք Հայաստանում հիբրիդային գործողությունների հետևում են կանգնած
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք Հայաստանի ներսում հիբրիդային գործողությունների ու պատերազմի հետևում են կանգնած։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ խոսելով այն մասին, որ իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ Սամվել Կարապետյանի՝ նախօրեին արված հայտարարությունը գնահատում են որպես ՌԴ-ից Հայաստանի իշխանության դեմ տարվող հիբրիդային պատերազմ։
Վարչապետը նշել է, որ ինքը փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության նախագահի և կառավարության ղեկավարի հետ։
«Ես չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ ՌԴ կառավարությունից կարող է Հայաստանի դեմ նման գործողություն տեղի ունենալ, բայց չեմ բացառում և մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների և պատերազմի հետևում են կանգնած։ Ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ։ Ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան շրջանակներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա, միաժամանակ, համոզմունք է հայտնել, որ Հայաստանն ունի բոլոր կարողություններն ու հնարավորությունները՝ կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը և ոչ միայն դրանք։