Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են սահմանազատման գործընթացի շարունակման տեխնիկական հարցերը. ԱԽ քարտուղար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանի ու Բաքվի միջև շարունակվում են բանակցությունները միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակելու ուղղությամբ, և այս պահին քննարկվում են այդ գործընթացի տեխնիկական հարցերը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ ծավալվող զարգացումներին։

Գրիգորյանը հիշեցրել է, որ այդ հարցով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հունվարին, երբ երկու երկրների փոխվարչապետները պայմանավորվել են, որ սահմանազատման գործընթացը վերսկսվելու է Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանակետից։ 

«Այս պահին բանակցությունները շարունակվում են։ Քննարկվում են տեխնիկական հարցերը, թե ինչպես շարունակել սահմանազատման գործընթացը»,-ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ այդ թեմայի շուրջ հավելյալ տեղեկատվության դեպքում Հայաստանի կառավարությունը կտեղեկացնի հանրությանը։

Գրիգորյանի բնորոշմամբ՝ այս պահին իրականացվում են խորհրդապահական-դիվանագիտական աշխատանքներ, որպեսզի կողմերը հստակեցնեն գործընթացի տեխնիկական հարցերը։

«Հայաստանն առաջընթացի է տրամադրված, և միանշանակ է, որ մենք ցանկանում ենք ունենալ խաղաղության պայմանագիրը։ Հաճախ լսում ենք կարծիքներ այն մասին, որ այդ համաձայնագիրը չի բխում Հայաստանի շահերից, սակայն այդպես չէ, քանի որ Հայաստանը ցանկանում է ստորագրել այն»,-ընդգծել է ԱԽ քարտուղարը։

ԱԽ քարտուղարը, անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կյանքի կոչման կարևորությունը։

«Հայաստանի դիրքորոշումն է, որ հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության և իրավազորության, փոխադարձության և հավասարության շրջանակներում։ Մենք պատրաստ ենք սրա շրջանակներում քննարկումներին։ «Խաղաղության խաչմերուկ»-ի օրակարգը մենք ինտենսիվ քննարկել ենք ինչպես Հայաստանի հանրության, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ Այժմ մենք տեսնում ենք ավելի ու ավելի ուժեղ աջակցություն այդ ծրագրին, դրա նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն ենք տեսնում։ Հայաստանը պատրաստ է այդ օրակարգի շրջանակներում ապաշրջափակման շուրջ շարունակել աշխատանքները։ Մենք շարունակելու ենք աշխատել միայն այս ուղղությամբ և «Խաղաղության խաչմերուկ»-ի տրամաբանության մեջ»,-շեշտել է Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ տրամաբանությամբ՝ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքները վերահսկվելու են երկրի պատկան մարմինների կողմից։

Հայերեն English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար