Հայաստան

Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի և Չինաստանում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանի հետ մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ինչուան քաղաքում անցկացված «CMB 2025» միջոցառմանը, որի շրջանակում պաշտոնապես հայտարարվել է, որ միջոցառման հաջորդ հյուրընկալող երկիրը կլինի Հայաստանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ըստ ձևավորված ավանդույթի՝ միջոցառման ավարտին Հայաստանի և Չինաստանի ներկայացուցիչները փոխանակվել են դրոշներով՝ ազդարարելով միջոցառման փոխանցումը, և հանդիսավոր կերպով ներկայացրել են 2026 թվականի ընդունող երկիրը։

Concours Mondial de Bruxelles-ը խոշորագույն միջազգային հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 370 պրոֆեսիոնալ գնահատողներ համտեսում են կարմիր և սպիտակ շուրջ 7500 գինիներ՝ 49 երկրներից։ Շուրջ 30 տարվա կյանք ունեցող մրցույթն ամեն տարի անցկացվում է գինու արտադրության ոլորտում կարևորվող տարբեր երկրներում՝ խթանելով տեղական արտադրանքի միջազգային ճանաչումը։ Վերջին տարիներին մրցույթը հյուրընկալող երկրներից են եղել Չեխիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Մեքսիկան։

Այսպիսով՝ 2026 թվականին Հայաստան կժամանեն աշխարհի տարբեր երկրներից 400-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ բարձր վարկանիշ ունեցող գինու փորձագետներ, սոմելյեներ, գնորդներ, ներմուծողներ, լրագրողներ, բլոգերներ, դասախոսներ և այլն։

Իր ողջույնի խոսքում նախարարը նշել է, որ գինեգործության ոլորտը Հայաստանում վերածնունդ է ապրում, և հայ մասնագետները հմտորեն համադրում են ավանդույթն ու նորարարությունը՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և գիտական մոտեցումներ։

«Գինեգործության ոլորտը համարվում է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություն, և Կառավարությունը մեծապես կարևորում է այս ոլորտի հանդեպ միջազգային հետաքրքրության բարձրացումը, ներդրումների ներգրավումն ու ենթակառուցվածքների զարգացումը։ Միջոցառման անցկացումն Հայաստանում կարևոր քայլ է մեր երկրի գինու մշակույթը, պատմությունը և ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ», -ընդգծել է Գևորգ Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում