Քաղաքականություն

Մենք ուրախ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է. Էրդողան

2 րոպեի ընթերցում

Մենք ուրախ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ այլևս չեն ցանկանում կոնֆլիկտ տեսնել Հարավային Կովկասում, այլ ցանկանում են խաղաղություն ու հանգստություն տեսնել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է TRT Haber-ը, Էրդողանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։ 

«Մենք այլևս չենք ցանկանում հակամարտություն տեսնել Հարավային Կովկասում, այլ ուզում ենք խաղաղություն ու հանգստություն։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է։ Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին և նաև մեր անհրաժեշտ ներդրումն ենք ունենում։ Խաղաղությունը, որին կողմերը կհասնեն, արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։  

Նա խոսել է նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին՝ նշելով, որ Թուրքիան էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման զգուշավոր գործընթացի մեջ է։  

«Երբ հասնենք և խաղաղության, և կարգավորման, մենք կտեսնենք, որ մեր երկրները կշահեն դրանից»,- նշել է Էրդողանը։ 

Խոսելով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ Էրդողանը կիրառել է «Զանգեզուրի անցում» եզրույթը և նշել, որ այդ ճանապարհի ապաշրջափակումը կամրապնդի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները Կովկասի տարածաշրջանում։ 

Էրդողանը հույս է հայտնել, որ Իրանը նույնպես կաջակցի այդ քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանի խաղաղությանը և զարգացմանը։ Թուրքիայի նախագահն ասել է՝ ցանկանում են, որ Իրանն էլ շահի այդ ամենից։

«Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ և միջանցք տնտեսական օգուտներ են բերելու և ժամանակի ընթացքում մոտեցնելու են երկրներին»,- հայտարարել է Էրդողանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում