Դիլիջանում մեկնարկած թափոնների վերամշակման ուսանողական ծրագիրը նպատակ ունի ընդլայնվել մարզերում

5 րոպեի ընթերցում

«Թափոնների շրջանառություն» (Waste Circularity) ծրագիրը ուսանողական նախաձեռնություն է, որն իրականացվում է UWC Dilijan միջազգային դպրոցի հովանավորությամբ։ Այն նպատակ ունի Դիլիջանում ներդնել թափոնների տեսակավորման և վերամշակման մեխանիզմներ՝ ինչպես դպրոցներում, այնպես էլ հանրային տարածքներում։

Ծրագիրը նախաձեռնվել է 2023 թվականի նոյեմբերին՝ Վիետնամից ժամանած առաջին կուրսի ուսանողուհի Չաու Ֆամի կողմից։

Նա «Արմենպրես»-ին պատմել է, որ Հայաստան տեղափոխվելուց և Դիլիջանում բնակություն հաստատելուց հետո նկատել է՝ թեև քաղաքում առկա են բազմաթիվ աղբամաններ, սակայն դրանք նախատեսված չեն տեսակավորման և վերամշակման համար։

Դառնալով դպրոցի՝ Կայուն զարգացման ծրագրերի հանձնաժողովի անդամ՝ Չաուն կազմակերպել է այց դեպի Հաղարծինի աղբավայր, որտեղ ականատես է եղել պլաստիկ շշերի և այլ վերամշակվող թափոնների մեծաքանակ կուտակումների։ Այս թափոնները, տեսակավորման բացակայության պատճառով, ենթարկվում էին ուղղակի այրման՝ առաջացնելով շրջակա միջավայրի աղտոտում և ջերմոցային գազերի արտանետում։ Դիտարկելով նաև ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը՝ նա որոշել է նախաձեռնել ծրագիր՝ նպատակ ունենալով նպաստել Դիլիջանում կայուն թափոնային մշակույթի ձևավորմանը։

2025 թվականի մարտին Waste Circularity թիմը քաղաքում տեղադրել է պլաստիկի տեսակավորման հինգ աղբաման՝ համատեղելով դրանք հակաաղբային իրազեկման նշանների հետ։ Թիմի անդամները նաև կազմակերպել են թղթե և պլաստիկե թափոնների հավաք՝ Դիլիջանի դպրոցներից և համայնքային կենտրոններից։

Ծրագրի մեկնարկի մասին տեղական համայնքին ուղարկված հաղորդագրությանը հաջորդել է դրական արձագանքների ալիք։ Շատ բնակիչներ ողջունել են նախաձեռնությունը և իրենց պատրաստակամությունը հայտնել մասնակցելու ծրագրին։ Տեղադրման առաջին իսկ շաբաթվա ընթացքում աղբամաններից մեկն արդեն ամբողջությամբ լցվել էր պլաստիկ շշերով։

Թափոնների հավաքը իրականացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ։ Դրանք ուղարկվում են վերամշակման՝ համագործակցությամբ մասնավոր կազմակերպությունների, այդ թվում՝ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների։

Բացի ենթակառուցվածքային քայլերից՝ Waste Circularity-ն իրականացնում է կրթական ծրագրեր։ Մասնավորապես՝ կազմակերպվել են թեմատիկ սեմինարներ, որոնց նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը թափոնների տեսակավորման և վերամշակման կարևորության մասին։ Սեմինարներին ելույթով հանդես են եկել ոլորտի մասնագետներ։

Առաջին սեմինարը կայացել է 2025 թվականի մարտի 17-18-ը։ Մասնակցել են ավելի քան 20 ուսանող՝ Հայաստանի տարբեր դպրոցներից և բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Սեմինարի ընթացքում մշակվել են թափոնների կառավարման ուսանողակենտրոն լուծումներ։ Վերջում ձևավորվել է թափոնների կայուն կառավարմանն ուղղված Երիտասարդության գործողությունների ճանապարհային քարտեզը։

Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև սոցիոլոգիական հարցում՝ Դիլիջանի բնակչության շրջանում։ Հարցման նպատակը Աղստև գետի աղտոտման հիմնական պատճառների բացահայտումն էր։ Ստացված արդյունքներն օգտագործվում են նոր լուծումների մշակման մեջ։

Ծրագրի հեղինակները նախատեսում են նկարահանել վավերագրական ֆիլմ, որը կներկայացնի վերամշակվող թափոնների ամբողջական ճանապարհը՝ տեսակավորումից մինչև վերամշակում։ Ֆիլմի ստեղծման աշխատանքները կիրականացվեն տեղական կառույցների և վերամշակման ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցությամբ։

Ծրագրի երկարաժամկետ նպատակը Waste Circularity-ի ընդլայնումն է՝ տարածելով փորձը Հայաստանի այլ մարզեր և ներառելով թափոնների այլ տեսակներ։ Նախաձեռնության հեղինակները հույս ունեն ստանալ նաև պետական և մասնավոր հատվածների աջակցությունը՝ նկատի ունենալով, որ կայուն թափոնային կառավարումն արդյունավետ կարող է լինել միայն շահագրգիռ կողմերի համագործակցությամբ։

Հայերեն English

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի