Հայաստան

Դիլիջանում մեկնարկած թափոնների վերամշակման ուսանողական ծրագիրը նպատակ ունի ընդլայնվել մարզերում

5 րոպեի ընթերցում

Դիլիջանում մեկնարկած թափոնների վերամշակման ուսանողական ծրագիրը նպատակ ունի ընդլայնվել մարզերում

«Թափոնների շրջանառություն» (Waste Circularity) ծրագիրը ուսանողական նախաձեռնություն է, որն իրականացվում է UWC Dilijan միջազգային դպրոցի հովանավորությամբ։ Այն նպատակ ունի Դիլիջանում ներդնել թափոնների տեսակավորման և վերամշակման մեխանիզմներ՝ ինչպես դպրոցներում, այնպես էլ հանրային տարածքներում։

Ծրագիրը նախաձեռնվել է 2023 թվականի նոյեմբերին՝ Վիետնամից ժամանած առաջին կուրսի ուսանողուհի Չաու Ֆամի կողմից։

Նա «Արմենպրես»-ին պատմել է, որ Հայաստան տեղափոխվելուց և Դիլիջանում բնակություն հաստատելուց հետո նկատել է՝ թեև քաղաքում առկա են բազմաթիվ աղբամաններ, սակայն դրանք նախատեսված չեն տեսակավորման և վերամշակման համար։

Դառնալով դպրոցի՝ Կայուն զարգացման ծրագրերի հանձնաժողովի անդամ՝ Չաուն կազմակերպել է այց դեպի Հաղարծինի աղբավայր, որտեղ ականատես է եղել պլաստիկ շշերի և այլ վերամշակվող թափոնների մեծաքանակ կուտակումների։ Այս թափոնները, տեսակավորման բացակայության պատճառով, ենթարկվում էին ուղղակի այրման՝ առաջացնելով շրջակա միջավայրի աղտոտում և ջերմոցային գազերի արտանետում։ Դիտարկելով նաև ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը՝ նա որոշել է նախաձեռնել ծրագիր՝ նպատակ ունենալով նպաստել Դիլիջանում կայուն թափոնային մշակույթի ձևավորմանը։

2025 թվականի մարտին Waste Circularity թիմը քաղաքում տեղադրել է պլաստիկի տեսակավորման հինգ աղբաման՝ համատեղելով դրանք հակաաղբային իրազեկման նշանների հետ։ Թիմի անդամները նաև կազմակերպել են թղթե և պլաստիկե թափոնների հավաք՝ Դիլիջանի դպրոցներից և համայնքային կենտրոններից։

Ծրագրի մեկնարկի մասին տեղական համայնքին ուղարկված հաղորդագրությանը հաջորդել է դրական արձագանքների ալիք։ Շատ բնակիչներ ողջունել են նախաձեռնությունը և իրենց պատրաստակամությունը հայտնել մասնակցելու ծրագրին։ Տեղադրման առաջին իսկ շաբաթվա ընթացքում աղբամաններից մեկն արդեն ամբողջությամբ լցվել էր պլաստիկ շշերով։

Թափոնների հավաքը իրականացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ։ Դրանք ուղարկվում են վերամշակման՝ համագործակցությամբ մասնավոր կազմակերպությունների, այդ թվում՝ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների։

Բացի ենթակառուցվածքային քայլերից՝ Waste Circularity-ն իրականացնում է կրթական ծրագրեր։ Մասնավորապես՝ կազմակերպվել են թեմատիկ սեմինարներ, որոնց նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը թափոնների տեսակավորման և վերամշակման կարևորության մասին։ Սեմինարներին ելույթով հանդես են եկել ոլորտի մասնագետներ։

Առաջին սեմինարը կայացել է 2025 թվականի մարտի 17-18-ը։ Մասնակցել են ավելի քան 20 ուսանող՝ Հայաստանի տարբեր դպրոցներից և բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Սեմինարի ընթացքում մշակվել են թափոնների կառավարման ուսանողակենտրոն լուծումներ։ Վերջում ձևավորվել է թափոնների կայուն կառավարմանն ուղղված Երիտասարդության գործողությունների ճանապարհային քարտեզը։

Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև սոցիոլոգիական հարցում՝ Դիլիջանի բնակչության շրջանում։ Հարցման նպատակը Աղստև գետի աղտոտման հիմնական պատճառների բացահայտումն էր։ Ստացված արդյունքներն օգտագործվում են նոր լուծումների մշակման մեջ։

Ծրագրի հեղինակները նախատեսում են նկարահանել վավերագրական ֆիլմ, որը կներկայացնի վերամշակվող թափոնների ամբողջական ճանապարհը՝ տեսակավորումից մինչև վերամշակում։ Ֆիլմի ստեղծման աշխատանքները կիրականացվեն տեղական կառույցների և վերամշակման ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցությամբ։

Ծրագրի երկարաժամկետ նպատակը Waste Circularity-ի ընդլայնումն է՝ տարածելով փորձը Հայաստանի այլ մարզեր և ներառելով թափոնների այլ տեսակներ։ Նախաձեռնության հեղինակները հույս ունեն ստանալ նաև պետական և մասնավոր հատվածների աջակցությունը՝ նկատի ունենալով, որ կայուն թափոնային կառավարումն արդյունավետ կարող է լինել միայն շահագրգիռ կողմերի համագործակցությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում