Հայաստանը նախատեսում է նոր ատոմակայանի մոդելի ընտրությունն անել մինչև տարեվերջ. ՏԿԵ նախարարը՝ ծրագրերի մասին

8 րոպեի ընթերցում

Հայաստանն անում է ամեն ինչ՝ մինչև այս տարեվերջ նոր կառուցվելիք ատոմակայանի մոդելի ընտրության հարցն ամբողջականացնելու համար: Ուսումնասիրում են առկա առաջարկները, Հայաստանը բաց է նաև նոր առաջարկների համար: Նոր ատոմակայանը, նախատեսվում է, որ կկառուցվի այս պահին գործող Մեծամորի ատոմակայանի տարածքում:  

«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով նաև նախարարության կողմից իրականացվող այլ ծրագրերը, ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ից դուրս գալու ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու սպասվող արդյունքները:

Ի՞նչ փուլում է «Հյուսիս–հարավ»–ի ծրագիրը, ե՞րբ կավարտվեն աշխատանքները

«Այս ընթացքում տարբեր հատվածներում տարբեր ծավալի աշխատանքներ են իրականացվել: 2025–ի համար, թերևս, մեկնարկում են ամենամեծ ծավալով աշխատանքները: Նկատի ունեմ առաջինը՝ թունելների հետ կապված աշխատանքները, որոնցից Քաջարանի թունելի հետ կապված մրցութային գործընթաց  կա հայտարարված: Եվ Բարգուշատի թունելի հետ կապված առանձին բանակցություններ ենք վարում եվրոպական ընկերությունների հետ՝ նրանց շինարարական աշխատանքներում ներգրավելու հարցով»,–ասաց Խուդաթյանը: 

Այն աշխատանքները, որոնք կմեկնարկեն այս տարվա ընթացքում, նախատեսվում է ավարտել 2033 թվականի տարեվերջին: Չնայած, նախարարի խոսքով, քննարկվում է նաև ավելի շուտ ավարտելու հնարավորությունը:

Խուդաթյանը վստահեցրեց՝ այս պահին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Մասնավորապես, նախատեսվում է այս տարվա ընթացքում շահագործման հանձնել դեպի Գյումրի գնացող հատվածը:  

«Հիմնականում մեծ ծավալի աշխատանք է իրականացվում հարավային հատվածում: Իրանական կազմակերպության հետ համատեղ թունելաշինության ծրագիր ենք իրականացնում: Նաև ճանապարհներ, կամուրջներ են կառուցվում: Այս հատվածում արդեն մեկնարկել են 820 մետր երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները, որի փորման մասը գրեթե ավարտական փուլում է: Դրան զուգահեռ կամուրջների, ճանապարհային այլ ենթակառուցվածքների վրա են աշխատանքներ իրականացվում: Մեր տպավորությամբ տեմպը բավականին լավն է: Եվ այդ հատվածում որոշակի հատվածներ կկարողանանք շահագործման հանձնել նաև ժամկետից շուտ»,–ասաց Խուդաթյանը:  

Նախարարը ողջ ծրագրի ավարտի ժամկետ չնախանշեց: Կան հատվածներ, որտեղ դեռևս նախագծման աշխատանքներ են իրականացվում: Եվ կախված նախագծերի բնույթից և ծավալից՝ որոշակի ժամկետի փոփոխություններ կարող են լինել: 

Եր՞բ կկառուցվի նոր ատոմակայանը, ո՞ր մոդելին կտրվի նախապատվություն 

Նախորդ տարեվերջին կառավարության որոշմամբ հիմնադրվել է փակ բաժնետիրական ընկերություն, որն ատոմակայանի մոդելի ընտրության հետ կապված խորհրդատվական ծառայություն պետք է մատուցի կառավարությանը:

Այս պահին ՓԲԸ–ում կադրային համալրման աշխատանքներ են իրականացվում:

«Առաջիկայում բազմաթիվ կադրեր համալրած կլինենք, որոնք ինտենսիվորեն կզբաղվեն մոդելի ընտրության հետ կապված Կառավարությանը խորհրդատվական կարծիք տալով»,–ասաց նախարարը:

Նոր ատոմակայանի կառուցման նպատակով քննարկվում են տարբեր երկրների կողմից արված առաջարկներ: 

Նախարարի խոսքով՝ դիտարկվող առաջարկները բազմաթիվ են, վերջնական որոշում դեռ չկա: «Մենք ընտրելու ենք այնպիսի մոդել, որը տնտեսապես ձեռնտու լինի Հայաստանին և երկրորդ՝ կարողանա աշխատել մեր գործող էներգահամակարգի պայմաններում»,–ասաց Խուդաթյանը:

Նախարարը նշեց՝ ուսումնասիրում են տարբեր առաջարկներ, բայց բաց են նաև նոր առաջարկների համար:

Թե որտեղ կկառուցվի նոր ատոմակայանը, այդ հարցով վերջնական քննարկումների փուլում են: Սակայն, Խուդաթյանի խոսքով՝ իրենց մոտեցումն այն է, որ պետք է լինի այն տեղում, որտեղ գործող ատոմակայանն է: Այնտեղ բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ կան, որոնք կօգտագործվեն նոր ատոմակայանի աշխատանքի պարագայում: 

Նախարարը նոր ատոմակայանի կառուցման աշխատանքների մեկնարկի ժամկետ չնշեց, սակայն ընդգծեց. «Ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ մոդելի ընտրության հարցը ամբողջականացրած լինենք: Դրանից հետո արդեն գործընկերները մեզ առաջարկ կանեն, թե ինչ տևողությամբ են լինելու շինարարական աշխատանքները: Մեր անելիքը հետևյալն է՝ այս ամբողջ ընթացքում կարողանալ պահել ՀԱԷԿ–ի հիմնական բլոկների աշխատանքը, որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ չլինեն, ինչը մենք այս պահին հաջողությամբ անում ենք»: 

Զուգահեռ մեծ ծավալի աշխատանք է իրականացվում ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման մասով: 

«2026–ին, այսպես ասած, քննություն ունենք այս մասով: Եվ դրան նախորդող գործողությունների պլան ունենք, որի կատարման ընթացքում ենք հիմա: Այդ ծրագրերն իրականացվում են, որոշների մասով ժամկետի որոշակի խնդիրներ կան: Սակայն վստահ ենք, որ դրանք չեն խոչընդոտելու 2026–ին ատոմակայանի գործողության ժամկետը երկարաձգելու  մասով»,–ասաց Խուդաթյանը՝ հիշեցնելով, որ խնդիր է դրված մինչև 2036 թվականն ատոմակայանը շահագործել: 

Նախարարության բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերին ուղղվող գումարները

«Նախարարության բյուջեն բավականին մեծ է՝ շուրջ 290 մլրդ դրամ: Պետք է այս առումով շնորհակալություն հայտնեմ պարտաճանաչ հարկ վճարող քաղաքացիներին, որովհետև իրենց գեներացրած հարկերի միջոցով է հնարավոր իրականացնել այն աշխատանքները, որոնք ՏԿԵՆ–ը և գործընկեր այլ կառույցներ իրականացնում են»,–ասաց Խուդաթյանը: 

Նախարարության բյուջեից շուրջ 90 մլրդ դրամ ուղղվել է համայնքների դոտացիաներին: Համայնքներում դոտացիաների ծավալն էականորեն մեծացել է, ինչը հնարավորություն է տալիս համայնքներին այդ միջոցներն ուղղել սուբվենցիոն այլ ծրագրեր իրականացնելուն:

Նախարարի խոսքով՝ շուրջ 106 մլրդ դրամ ուղղվել է ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը: Յուրաքանչյուր տարի պարտավորություն ունեն հիմնանորոգել, նորոգել և կառուցել 500 կմ և ավելի ճանապարհ: Ընդհանուր առմամբ կառավարության համաֆինանսավորումը 2024–ին սուբվենցիոն ծրագրերի մասով գերազանցել է 31 մլրդ դրամը:

Հայաստանը ե՞րբ դուրս կգա ԵՄ ավիացիոն «սև ցուցակից»

Նախարարը վստահեցրեց, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այլ գործընկեր կառույցների հետ մեծ ծավալի աշխատանք է իրականացրել թերությունները շտկելու ուղղությամբ: «Եվ 2024–ի տարեվերջին մենք հայտ ենք ուղարկել՝ նշելով, որ եվրոպական կողմից նախանշված թերություններն ամբողջ ծավալով վերացված են: Այս պահին ունենք պայմանավորվածություն: Հույս ունենք, որ 2025 թվականի ամռան ամիսներին գործընկերները կգան ու տեղում կուսումնասիրեն թերությունների վերացման ընթացքը: Եվ հույս ունենք, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկարողանանք ավիացիայի համար իսկապես խոչընդոտ հանդիսացող «սև ցուցակ» ասվածը հաղթահարել»,–ընդգծեց Խուդաթյանը: 

Այլ թեմաների վերաբերյալ մանրամասները՝ վիդեոփոդքասթում

Հայերեն English Español

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին