Ոչ թե մեր ձեռքն ենք վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլ ստեղծել ենք ընդմիշտ գործող համակարգ. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարող մեծամասնությունը ոչ թե իր ձեռքն է վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլ պետության և ժողովրդի համար ստեղծել է համակարգ, որը գործելու է ընդմիշտ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության ծրագրի 2024 թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:
Նա նշեց, որ ստեղծել են ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության համակարգ: Այս համակարգերն արդեն Հայաստանի Հանրապետության իրավակարգի անբաժանելի մաս են՝ որպես ինստիտուտ, որը գողացված գույքերի վերադարձի գործընթացը դուրս է դնում էմոցիաների և քաղաքական նպատակահարմարությունների դաշտից:
«Կառավարող մեծամասնությունը ոչ թե իր ձեռքն է վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլ պետության և ժողովրդի համար ստեղծել է համակարգ, որը գործելու է ընդմիշտ: Իսկ մի՞թե թալանվածն այս ընթացքում ցաքուցրիվ չի լինում, ցաքուցրիվ չեն անում: Ոչ, որովհետև ավելի քան 1.7 մլրդ դոլարի առերևույթ ապօրինի ձեռքբերված գույք այս պահին գտնվում է կալանքի տակ և դա հնարավոր չէ օտարել: Իսկ այն մասը, որը նույնիսկ այս պահին կալանքի տակ էլ չէ, էներգիայի պահպանման օրենքի տրամաբանությամբ՝ եթե գումար է, պետք է դառնա գույք, եթե գույք է, պետք է դառնա գումար կամ բաժնեմաս»,–ասաց վարչապետը:
Փաշինյանը հավելեց՝ հենց դրա համար է ստեղծվել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որ այդ գույքերը տեղորոշի, գտնի, ապացուցի ու վերադարձնի պետությանն ու ժողովրդին, եթե նույնիսկ դա ձևակերպված է այլ դրածո անձանց անունով, եթե նույնիսկ դա թաքցնելու տարբեր մանիպուլյատիվ սխեմաներ են գործարկվում: