Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում. արդարադատության փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է նոր Սահմանադրության տեքստի մշակման վրա, նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը:

Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ կեղծ պնդում անելով, թե այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։ Ադրբեջանական կողմը հիշատակում է ՀՀ Սահմանադրության նախաբանում առկա հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ էլ խոսք է գնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ չի պարունակում։ Նաև Հայաստանի սահմանադրական դատարանն է հայտարարել, որ Սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է որոշվել միանգամից աշխատել Սահմանադրության տեքստի վրա, այլ ոչ թե Սահմանադրության նոր հայեցակարգի՝ Դադունցն ասաց. «Մենք ունենք շատ սեղմ ժամկետ: Ունենք հանձնարարական, որ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ Սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի: Ինչո՞ւ հայեցակարգ չէ, այլ միանգամից Սահմանադրության տեքստ, որովհետև առաջինը՝ ժամկետի խնդիր ունենք, երկրորդը՝ հայեցակարգի վրա վերջին 2-3 տարիների ընթացքում շատ երկար աշխատանք տարվել է: Ունենք հայեցակարգային փաստաթուղթ, որտեղ կենտրոնացվել են խորհրդի տարբեր անդամների, նաև նախարարության կողմից մշակված հայեցակարգային կտորները: Եվ մենք հիմա, հիմք ընդունելով այդ հայեցակարգային փաստաթղթերը, նաև խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկները, աշխատում ենք տեքստի վրա, որ արագացվեն աշխատանքները»:  

Նա ընդգծեց՝ դա չի նշանակում, թե սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի գործում: «Մենք առաջարկել ենք խորհրդի անդամներին, որ երբ մշակվի Սահմանադրության տեքստը, գլուխ առ գլուխ կամ թեմա առ թեմա ներկայացվելու է խորհրդի անդամներին, իրենք դրանք կարող են նայել, դիտարկումներ ներկայացնել, և նորից մենք կարողանալու ենք իրենց հետ թեմա առ թեմա քննարկել»,-նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է փոփոխություն Սահմանադրության նախաբանում, որը հղում է կատարում Անկախության հռչակագրին՝ Դադունցը պատասխանեց. «Այս պահին նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»: 

Անդրադառնալով նախաբանի առնչությամբ ադրբեջանական կողմից հնչող մտահոգությանը՝ նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանն իր վերջին որոշման մեջ այդ հարցին պատասխան տվել է: «Եղել է մեկնաբանություն, որ Անկախության հռչակագրի դրույթները որևէ կերպ չեն խանգարում Սահմանադրության մեկնաբանությանն ու կիրառությանը»,-ասաց նա: 

Հայերեն العربية English Русский

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը