Հայ-գերմանական համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել նորագույն սրտաբանական ուղղությունները
5 րոպեի ընթերցում

Նոր հնարավորություններ, տեսական և պրակտիկ գիելիքների և փորձի փոխանակում. արդեն երկրորդ օրն է ԵՊԲՀ-ում ընթանում է «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» երկօրյա կոնֆերանսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացուցչական այս միջոցառման շրջանակում Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի մասնագետներն անցկացրել են դասախոսություններ և իրականացրել գործնական աշխատանքներ:
ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանն, ընդգծելով նման համագործակցության կարևորությունը, նշեց՝ բժշկական կրթությունը չունի սահմանափակումներ և շարունկական բժշկական կրթությունը մի մեծ շղթա է: Ըստ նրա՝ կրթություն ասելիս չպետք է հիշատակել միայն բուհական հատվածը, բժշկի ամբողջ աշխատանքային ուղին պետք է հագեցված լինի կրթական կոմպոնենտով, և այդ առումով նման ֆորումներն ունեն շատ մեծ կարևորություն:
«Վիճակագրությունը հուշում է, որ 70 տարեկանից հետո ամեն 5-րդ մարդն ունենում է սրտային անբավարարություն, որն արդեն իսկ հանգեցնում է հարակից մի շարք հիվանդությունների և սրտի հետ կապված լուրջ խնդիրների՝ մինչև անգամ հանկարծամահության: Եվ այս առումով նախորդ տարի բժշկական համալսարանի և Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի կողմից անցկացված 16 վեբինարը թույլ տվեց հավասարաչափ ներգրավել Հայաստանի բժիշկներին: Մագդեբուրգի մեր գործընկերների հետ աշխատում ենք 2018 թվականից, և այս ընթացքում բազմաթիվ բժիշկներ վերապատրաստվել են Գերմանիայում և այսօր էլ այդ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է»,-նշեց Մուրադյանը:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Պետական քարտուղար և Մշակույթի նախարար պարոն Ռայներ Ռոբրան, անդրադառնալով համագործակցության կարևորությանը, նշեց, որ այս շրջանակում առաջարկում են կանխարգելման և առավել արդյունավետ բուժման մեթոդներ՝ սրտային հիվանդությունների հետ կապված:
«Ես հաճելիորեն զարմացած եմ, թե ինչքան շատ բժիշկներ և բուժքույրեր են մասնակցել ամառային դպրոցին, որն իսկապես որոշիչ նշանակություն կունենա առողջապահական համակարգում թե՛ Սաքսոնիա-Անհալթում, թե՛ Հայաստանում»,-նշեց Ռայներ Ռոբրանը:
Մագդեբուրգի Սրտաբանության և անգիոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, Մագդեբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ պրոֆեսոր Ռյուդիգեր Բրաուն-Դուլլեուսը, խոսելով Հայաստանում ոլորտի զարգացվածության մասին, ընդգծեց՝ Հայաստանում բժիշկների ուսուցումը գտնվում է շատ լավ մակարդակի վրա, սակայն նրանց հնարավորությունները այնքան շատ չեն, ինչքան որ Գերմանիայում է:
«Ինչպես Գերմանիայում՝ այստեղ նույնպես մահացության դեպքերի 50 տոկոսից ավելին բաժին են ընկնում սրտային հիվանդություններին, որը մեծ թիվ է: Դա է հիմնական պատճառը, որ մենք որոշեցինք միասին հանդիպումներ և տարբեր ծրագրեր իրականացնել, որպեսզի ոչ միայն բուժման ավելի լավ մեթոդներ առաջրկենք, այլ նաև կանխարգելենք սրտային հիվանդությունները:
Համագործակցության երկու տարիների ընթացքում բացի տեղում այս հանդիպումները, մենք նաև երկու ամիսը մեկ անգամ օնլայն հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք տարբեր հարցեր՝ ինչպես հետազոտական, այնպես էլ կանխարգելման և բուժման շուրջ, նաև մեր պրակտիկայում հանդիպած հատուկ դեպքերը»,-եզրափակեց պրոֆեսոր Ռյուդիգեր Բրաուն-Դուլլեուսը:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանն էլ, խոսելով ոլորտում նորարարություններ բերելու կարևորության մասին, նշեց, որ վերջին տարիներին սրտային անբավարարության բուժման գործընթացում գրեթե ամեն տարի նորություններն ակնհայտ են. «Մենք նույնպես փորձում ենք հետ չմնալ և այս կրթական ծրագրերը նպատակ ունեն նվազեցնել այն բացը և տարբերությունները, որոնք առկա են եվրոպական զարգացած երկրներում»:
Կլինիկայի ղեկավարի խոսքով՝ մարզերում շատ հաճախ սրտային անբավարարություն ունեցող հիվանդների ամբուլատոր բուժումն իրականացվում է թերապևտների և ամբուլատոր բժիշկների կողմից, այդ պատճառով սեմինարին սրտաբաններից բացի մասնակցում են նաև այդ մասնագետները:
Սիսակյանն ընդգծեց՝ սա նաև լավ հնարավորություն է զարգացնել նորագույն սրտաբանական ուղղություններն ու ներդնել Հայաստանում: