Փողի էվոլյուցիայից մինչև AI-ի ազդեցություններ. Doing Digital Forum-ի շրջանակում կքննարկվի տնտեսական նոր իրականությունը
6 րոպեի ընթերցում

Doing Digital Forum-ը Երևանում է համախմբել միջազգային դեմքերի, պետական կառույցների ներկայացուցիչների, գործարարների, փորձագետների և շահագրգիռ այլ անձանց՝ քննարկելու փողի էվոլյուցիան, ապագայի փողը, դրա տնտեսական ազդեցությունները, արհեստական բանականության ազդեցություններն ու այլ կարևոր հարցեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների առանցքային միջոցառումը՝ Doing Digital Forum-ը մեկնարկել է ապրիլի 3-ին Երևանում:
Ֆորումն այս տարի կրում է «Ապագայի փողը. Տնտեսական ազդեցությունները» խորագիրը: Ֆորումն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ համախմբելով պետական կառույցների ներկայացուցիչներին, գործարար համայնքին, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձն ու գիտելիքը կրող փորձագետներին՝ միասին մատնանշելու սրընթաց փոփոխվող աշխարհում ռազմավարական ուղղություններն ու ապագայի տեխնոլոգիական տեսլականը:
«Այս տարի անդրադառնալու ենք մարդկության պատմության կերտող թերևս ամենաազդեցիկ ու բարդ երևույթներից մեկին՝ փողին ու դրա ապագային»,-ասաց Doing Digital Forum-ի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը:
Ֆորումի քննարկումների առանցքում են փողի էվոլյուցիան, առցանց առևտրի վրա արհեստական բանականության ազդեցությունից մինչև կիբեռանվտանգության մարտահրավերներ ու դրանց հաղթահարման լուծումները:
«Մենք այսօր ապրում ենք աննախադեպ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում, ես կասեի՝ տեխնոլոգիական ցունամիի ժամանակաշրջանում, երբ տարբեր ոլորտներ, տնտեսություններ, երկրներ, հասարակություններ վերափոխվում են սրընթաց տեմպերով: Արհեստական բանականությունը, բլոկչեյնը, ավտոմատացումն ու կենսատեխնոլոգիաները պարզապես զարգացող ուղղություններ չեն այլևս, դրանք նոր շրջանակներ են, որոնք վերասահմանում են մեր աշխատանքի, շփման ու նորարարություն իրականացնելու ձևերը»,-ասաց Սիմոնյանը:
Նա ընդգծեց՝ թվային փոխակերպումն այլևս ընտրություն չէ, այն անհրաժեշտություն է, և նրանք, որոնք չեն կարողանում հմուտ «նավարկել» ուժգին ալիքներին դիմակայելու այս պայմաններում, փոփոխություններին դիմակայելու վտանգի առջև, միգուցե, չդիմակայեն: Ֆորումի հիմնադիրը նկատեց, որ անգամ ամենախոշոր տեխնոլոգիական հսկաները մի օր դադարել են ամենախոշորը լինել, քանի որ ճկուն չեն եղել այդքան արագ փոփոխություններին իրենց հարմարեցնելու և նոր իրողությունների պայմաններում «նավարկելու» համար:
«Տեխնոլոգիական զարգացումներն ու ապագայի փողի շրջանառության նոր մոդելները վերափոխում են սոցիալական և տնտեսական իրականությունը և վարքագծային կտրուկ փոփոխություններ պահանջում, որին հասնելն առանց ռազմավարական մոտեցումների ուղղակի անհնար է: Հայաստանը ևս անմասն չի մնում տեխնոլոգիական զարգացումներից ու նոր հրամայականներից»,-ասաց Սիմոնյանը:
Նրա համոզմամբ՝ Doing Digital Forum-ը ևս նպաստում է այդ կարևոր նպատակների իրականացմանը, քանի որ ի սկզբանե այս ստեղծվել է Հայաստանը որպես փոխակերպումների հաբ դիրքավորելու համար:
Անգամ թեժ մրցակցության մեջ գտնվող ընկերությունները ֆորումի շրջանակում միասին քննարկում են ընդհանուր խնդիրները, արդիական մարտահրավերներն ու կիսում տեսլականն ու մոտեցումները:
Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանի կարծիքով՝ ֆորումն արժեքավոր հարթակ է տարբեր փորձագետներին լսելու և գաղափարներով փոխանակվելու համար։
«Apricot Capital-ն ուրախ է լինել ֆորումի ներդրումային գործընկերը դրա ստեղծման օրվանից։ «Փողի ապագան» ակտուալ թեմա է: Ուրախ էինք կիսվել մեր փորձով և մեր ներդրումն ունենալ Ֆորումի հետաքրքիր քննարկումների մեջ»,- ասել է Վարդան Ամարյանը:
Գաղափարակիր ելույթների ու պանելային քննարկումների առանցքում թվային արժույթների, արհեստական բանականության (AI), թվային դրամապանակների, վճարային տեխնոլոգիաների զարգացման միտումներն են, դրանց ազդեցությունը ֆինանսաբանկային համակարգի և գլոբալ տնտեսության վրա։ Անդրադարձ կկատարվի փողի պատմությանը՝ բարտերից մինչև կրիպտո, թվային արժույթների կարգավորման դաշտի առանձնահատկություններին, առկա կիբեռանվտանգության խնդիրներին ու դրանց հաղթահարման մեխանիզմներին։
Ֆորումն այս տարի համախմբել է շուրջ 20 խոսնակի Հայաստանից և արտերկրից։ Նրանց թվում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր, կրիպտո առաջնորդ Հենրի Արսլանյանը, Ամազոնի վեբ ծառայությունների կորպորատիվ տեխնոլոգ, տեխնոլոգիական ոլորտում 20 տարվա փորձառություն ունեցող առաջատար փորձագետ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սամի Զաֆարը, Visa-ի CEMEA տարածաշրջանի թվային տեխնոլոգիաների և ռազմավարության ղեկավար Էնդրյու Թրուոնգը և այլք։
2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 40 նշանավոր խոսնակի եւ 2000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։
Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել է ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի ազգային գործընկերն է։