Եվրահանձնաժողովն սկսել է Ղազախստանի հետ այցագրային ռեժիմի պարզեցման ընթացակարգը
2 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Ալմաթիում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ սկսված է Եվրահանձնաժողովի և Ղազախստանի միջև այցագրերի տրման կարգի պարզեցման շուրջ համաձայնագրի կնքման ընթացակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունում։
«Ինչպես ընդգծել է Կայա Կալասը, այն, որ Ղազախստանը տարածաշրջանի երկրներից առաջինն է ստորագրել Եվրամիության հետ Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, հաստատում է երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը։ Նա հայտարարել է Եվրահանձնաժողովի և Ղազախստանի միջև այցագրերի տրման կարգի պարզեցման շուրջ համաձայնագրի կնքման ընթացակարգի մեկնարկի մասին», - ասված է հաղորդագրության մեջ։
Ի պատասխան՝ Տոկաևն ընդգծել է, որ Ղազախստանում այդ լուրն ընկալում են շատ դրականորեն, քանի որ այդ քայլը լայն հնարավորություններ է բացում Եվրոպայի պետությունների հետ միջանձնային շփումների և գործարար կապերի ամրապնդման համար։
Ավելի վաղ Կալասը «Կազախստանսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ 27 անդամ պետությունները հավանություն են տվել այն գաղափարին, որ Եվրահանձնաժողովը բանակցություններ սկսի Ղազախստանի հետ այցագրերի տրման պարզեցման համաձայնագրի կնքման շուրջ՝ ռեադմիսիայի շուրջ համաձայնագրին զուգահեռ (պետության համաձայնությունը՝ հետ ընդունելու իր քաղաքացիներին):
2023 թվականի մայիսին Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հանրապետությունը Եվրամիության հետ կանցկացնի պաշտոնական խորհրդակցություններ այցագրային ռեժիմի պարզեցման շուրջ, ինչը ենթադրում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի կրճատում և այցագրերի գործողության տևողության և մուտքի քանակի ավելացում։ Ղազախստանում 2017 թվականից գործում է անայցագիր ռեժիմ ԵՄ բոլոր պետությունների համար, այն սահմանվել է միակողմանի կարգով՝ գործարար և զբոսաշրջային կապերի զարգացման նպատակով: