Քաղաքականություն

Վրաստանն անօրինական է համարել Աբխազիայի նախագահական ընտրությունները

2 րոպեի ընթերցում

Վրաստանն անօրինական է համարել Աբխազիայի նախագահական ընտրությունները

Վրաստանի պետական նախարարի գրասենյակն անօրինական է համարել Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես  հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը, այս մասին հայտարարություն է տարածել պետնախարարի գրասենյակը՝ նշելով, որ այդ ընտրությունները չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը և չունեն իրավական հիմք։

«Օկուպացված Աբխազիայի անօրինական, այսպես կոչված, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումն է: Պետնախարարության աշխատակազմը արձագանքում է, այսպես կոչված, ընտրություններին օկուպացված Աբխազիայի տարածաշրջանում։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և հանդիսանում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Շարունակվող օկուպացիայի ֆոնին և այն պայմաններում, երբ աբխազական տարածաշրջանից ներքին տեղահանվածներին և փախստականներին դեռևս հնարավորություն չի տրվում անվտանգ և արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տները, իսկ տեղի բնիկ բնակչության հիմնարար իրավունքներն ու ազատությունները կոպտորեն և համակարգված կերպով ոտնահարվում են, այսպես կոչված ընտրությունները չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը և, հետևաբար, չունեն որևէ իրավական հիմք։ Վրաստանի կառավարությունը հաստատակամորեն և հետևողականորեն իրականացնում է խաղաղության հաստատուն քաղաքականություն, որի ռազմավարական ուղղություններից մեկը, ապաօկուպացիայի հետ մեկտեղ, Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում հաշտեցման և ներգրավվածության գործընթացի իրականացումն ու հետագա ակտիվացումն է, որի նպատակն է բարելավել հասարակական-տնտեսական համագործակցությունը, որը հիմնված է հակամարտությունների կարգավորման և բնակչության միջև վստահության վերականգնման վրա»,-ասված է հայտարարության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում