Ժամանց

Ինչպե՞ս է ժամանակը վերաձևել գեղեցկության իդեալները

5 րոպեի ընթերցում

Ինչպե՞ս է ժամանակը վերաձևել գեղեցկության իդեալները

Վերջին 100 տարիների ընթացքում գեղեցկության իդեալները անցել են մի շարք փոփոխությունների միջով՝ սկսած 1920-ականների ազատ ոճից մինչև XXI դարի բազմազանության և ինկլյուզիվության շեշտադրումը։ Այս փոփոխությունները ոչ միայն վերաիմաստավորում են «գեղեցիկ» հասկացությունը, այլ նաև բացահայտում են սոցիալական, մշակութային և տնտեսական ուժերի ազդեցությունը մարդու արտաքինի ընկալման վրա։ Այսօր ավելի ազատ մոտեցումներ են ձևավորվում, որոնք առավել ընդգրկուն և բազմազան են։ 1920-ականների ազատ ոճը ուղեկցվում էր մեծ սոցիալական փոփոխություններով՝ կապված  աշխատանքային շուկայի և կանանց դիրքի հետ։ Կանայք կարճ կտրում էին մազերը, շեշտադրում էին նիհար մարմինը՝ մոդելավորելով ազատ և համարձակ կերպարներ։

1920-ականներ

Այս փուլը կարելի է համեմատել վաղ վերածննդի հետ։ 14-րդ դարի իտալական արվեստում կինը պատկերվում էր նրբակազմ տեսքով։

Այդ ժամանակաշրջանի հայտնի նկարիչներից Սանդրո Բոտիչելլին իր «Վեներայի ծնունդը» կտավում պատկերել է բարձրահասակ, նիհար կնոջ։

«Վեներայի ծնունդը»

«Գարուն»

1950-ականներին նորաձև էր կլոր կառուցվածքը և շքեղ կոսմետիկան՝ ի դեմս Մերլին Մոնրոյի։ Բարբի տիկնիկը ստեղծվեց հենց այս տասնամյակում՝ համարվելով իդեալ՝ փոքրիկ մարմին և կլոր կոնքեր։

Վաղ վերածննդի շրջանի հայտնի նկարիչներից Տիցիանը պատկերում էր կնոջը այնպիսի կազմվածքով, որը համընկնում է 1950-ականների կանանց, մի փոքր ավելի գեր՝ պահպանելով փարթամությունը։  Տիցիանը, պատկերելով նման գործեր, գեղարվեստորեն իդեալականացնում էր կանանց մարմինը։

 

1990-ականներին գերիշխող էր խիստ նիհարությունը, բնական և ավելի գունատ դիմահարդարումը։ Այս շրջանում հանրաճանաչ դարձան այնպիսի համաշխարհային մոդելներ, ինչպիսիք են Նաոմի Քեմփբլը, Քեյթ Մոսը, ովքեր ներկայացնում էին նիհար կազմվածք՝ առանց ճոխ դիմահարդարման։ 

Kate Moss at the Fendi Spring 2024 Ready To Wear Fashion Show on September 20, 2023 in Milan, Italy. (Photo by Swan Gallet/WWD via Getty Images)

Ի՞նչ պատկեր ունենք 2010 թվականից հետո

2010-ականներին և դրանցից հետո նորաձևության աշխարհում տեղի ունեցան մի քանի խոշոր փոփոխություններ, որոնք խորապես անդրադարձան գեղեցկության և մարմնի վերաբերյալ հասարակության ընկալումների վրա։ Այդ փոփոխությունները ներառում էին ինկլյուզիվության, բազմազանության և բնականության շեշտադրումը։ 

2010-ականների ընթացքում նորաձևության աշխարհում առաջացավ ավելի ընդգրկուն մոտեցում՝ ընդունելով այնպիսի մարդկանց, որոնք նախկինում քիչ էին ներկայացված։ Դեռևս երկար տարիներ որպես մոդել հիմնականում ներկայացվում էին նիհար ու սպիտակամորթ կանայք, սակայն այդ փուլում փոփոխություններ սկսեցին տեղի ունենալ։ Նոր մոդելների ընտրությունը սկսեց ներառել տարբեր չափսեր՝ ընդհուպ plus-size մոդելներ, ինչպես օրինակ՝ Էշլի Գրեմ և Տես Հոլիդեյ, որոնք նպաստեցին այն չափորոշիչների պառակտմանը, որոնք նախկինում սահմանում էին, թե ինչպիսի մարմիններն են «գեղեցիկ»։

Գեղեցիկի մասին պատկերացումները փոփոխվեցին բազմազանության ապահովմամբ։

Այդ բազմազանությունը նորաձևության մեջ ուղեկցվում էր մարմնի տարբեր ձևերի ընդունմամբ. գույնը, չափերը, մշակույթը և գենետիկ առանձնահատկություններն ավելի արտահայտված էին՝ ի տարբերություն նախորդ դարերի։ Յուրաքանչյուր էթնիկ կամ մշակութային պատկանելիություն դարձավ գեղեցկության կարևոր մաս։

2010-ականներին հայտնվեցին մոդելներ, ինչպիսիք են՝ Աջոյա Աբոհը, Հալիմա Էյդնը, Լյուպիտա Նիյանգոն, որոնք դարձան օրինակներ, թե ինչպես պետք է ընդունել մարմնի տարբերությունը և ինչպիսի բազմազանություն կարող է լինել գեղեցկության մեջ։

Սոցիալական մեդիան զգալի ազդեցություն է ունենում գեղեցկության ստանդարտների ձևավորման և տարածման վրա։ Այն հնարավորություն է տալիս անհատներին ստեղծել և տարածել բովանդակություն, որը կարող է ձևավորել հասարակական ընկալումները։ Սակայն սոցիալական մեդիայի ալգորիթմները հաճախ նպաստում են անիրական գեղեցկության իդեալների տարածմանը։ Օրինակ, ըստ «The Courier-Mail» պարբերականի, սոցիալական մեդիայի հարթակները, ինչպիսիք են Instagram-ը և TikTok-ը, նպաստում են, որ երիտասարդ կանայք ձգտեն անիրական գեղեցկության ստանդարտների, ինչը նաև հանգեցնում է բարձր ռիսկային կոսմետիկ միջամտությունների աճին։ 

Dove.am-ի 2024թ-ին հրապարակած «Գեղեցկության իրական վիճակի մասին» համաշխարհային զեկույցը փաստում է, որ ամբողջ աշխարհում կանանց և աղջիկների 38%-ը պատրաստ է զոհաբերել իրենց կյանքի մեկ տարին՝ հասնելու հասարակության կողմից ընդունված գեղեցկության իդեալներին։ Ըստ այդ հետազոտության՝ կանայք զգալի ճնշում են զգում՝ համապատասխանելու գեղեցկության հաստատված իդեալներին։

Մարտոյան Սեդա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում