Նախորդ տարի Հայաստանում գրանցվել է վարկերի և ավանդների որոշակի նվազում. Դանիել Ազատյան
2 րոպեի ընթերցում

2024 թվականի դեկտեմբերին՝ 2023-ի նույն ամսվա համեմատ Հայաստանում գրանցվել է վարկերի՝ 0.01 տոկոսով, ավանդների՝ 0.3 տոկոսով նվազում: Գրանցվել է նաև տոկոսադրույքների որոշակի նվազում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փետրվարի 25-ին ասուլիսում այսպիսի տվյալներ ներկայացրեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:
«Առանձնացրել ենք ֆիզիկական անձանց 1-5 տարով և 5 տարուց ավելի ժամկետով տրամադրած վարկերը: Որպես կանոն, 1-5 տարի ժամկետով տրամադրվում են սպառողական, իսկ 5 տարուց ավելի ժամկետով՝ հիփոթեքային վարկեր:
Ֆիզիկական անձանց 1-5 տարով տրամադրված դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.7, իսկ արտարժույթով, հիմնականում, դոլարով տրամադրված վարկերինը՝ 1.5 տոկոսով: 5 տարուց ավելի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքը նվազել է 0.5 տոկոսով, մինչդեռ դոլարային վարկերինը աճել է 0.2 տոկոսով: Ըստ էության, 2024 թվականին Կենտրոնական բանկը որոշակի սահմանափակումներ էր սահմանել և ռեզիդենտներին հիփոթեքների ու սպառողական վարկերի տրամադրումն ամբողջությամբ արգելված էր: Հիփոթեքները ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերն էին, այդ իսկ պատճառով այստեղ աճը կարող է ճիշտ ցուցանիշ չարտացոլել»,- նշեց նա:
Դանիել Ազատյանը նաև տեղեկացրեց, որ նկատվում է դրամով տրամադրվող վարկերի չափաբաժնի կայուն աճ: Եթե 2014 թվականին Հայաստանում տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի 67 տոկոսն արտարժույթով էր, իսկ 33 տոկոսը դրամով, ապա նախորդ տարի պատկերը ճիշտ հակառակն էր: Նույն վերաբերում է ավանդներին, որոնց 72 տոկոսը 2014-ին ներդրվել էր արտարժույթով, իսկ 2024-ին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 47 տոկոսի: Ըստ ՀԲՄ նախագահի, ներկայումս ավանդների 53 տոկոսը դրամով է: