Հայաստանի և ԱՄԷ-ի առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է․ Էկոնոմիկայի նախարար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ-Խայմա քաղաքում մասնակցել է «Made by Armenians» 2025 ցուցահանդեսին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Միջոցառմանը ներկա են եղել Ռաս Ալ-Խայմայի թագաժառանգ Շեյխ Մուհամեդ բեն Սաուդ բին Սաքր Ալ Քասիմին, Ռաս Ալ-Խայմայի Առևտրի պալատի նախագահ Մոհամեդ Ալ-Նուայիմին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև գործարարներ, ներդրողներ և պետական պաշտոնյաներ Հայաստանից, ԱՄԷ-ից ու այլ երկրներից։
Բացման արարողության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ նշելով, որ 2024 թվականին Հայաստանի և ԱՄԷ-ի առևտրաշրջանառությունը գերազանցել է 5.7 միլիարդ դոլարը, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։
Նրա խոսքով՝ հայկական ապրանքների արտահանումն ԱՄԷ զգալիորեն ընդլայնվել է, ինչը վկայում է աճող պահանջարկի և գործարար կապերի ամրապնդման մասին։
«Համանման միջոցառումները տնտեսական համագործակցության խորացման, ներդրումների խթանման և առևտրային հնարավորությունների ընդլայնման մեր ընդհանուր տեսլականի արտացոլումն են»,- ասել է Պապոյանը։