Որ երկրներից են ամենաշատ ներդրումներ իրականացնում Հայաստանում. ներկայացնում է «Էնթերփրայզ Արմենիա»-ի տնօրենը
6 րոպեի ընթերցում

«Էնթերփրայզ Արմենիա»-ի աջակցությամբ Հայաստանում 2020 թվականից մինչև օրս մեկնարկել է 67 ներդրումային ծրագիր: Հայաստանում ներդրումներ իրականացնելով առավել շատ հետաքրքրվում են Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ–ից:
«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում երկրի ներդրումային հնարավորությունների, ներդրումներ ներգրավելու ուղղությամբ տարվա աշխատանքների մասին է խոսել «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների գծով տնօրեն, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Գալյանը:
«Էնթերփրայզ Արմենիա»-ն «մեկ պատուհան» սկզբունքով գործող`կառավարության կողմից հիմնադրված ներդրումների ներգրավման հիմնադրամն է: Մեր առջև դրված նպատակը ոչ միայն ներդրումներ ներգրավելը, այլ նաև ներդրողներին աջակցություն տրամադրելն է»,–ասաց Գալյանը:
«Էնթերփրայզ Արմենիա»-ն սպասարկում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրողներին:
Ներդրումների ներգրավման համար այս տարի մշակվել է նոր ռազմավարություն: «Կառավարության կողմից թիրախավորվել են Forbes–ի և Fortune 500-ի ցանկերում ընդգրկված ընկերությունները՝ Հայաստան ներգրավելու համար: Ինչպես նաև թիրախավորվել և առանձնահատուկ նշանակություն է տրվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և տուրիզմի ոլորտներին: Դա նշանակում է, որ այս ոլորտները մենք պետք է ավելի գլոբալ ներկայացնենք, բրենդավորենք ու ներկայացնենք Հայաստանից դուրս: Գնահատվել է, որ այս ոլորտներում ներդրումներ ներգրավելն ավելի բարենպաստ է»,–ասաց նա՝ հավելելով, որ առաջին անգամ մի փոքր ագրեսիվ մարքեթինգային ռազմավարություն են իրականացնելու:
«Էնթերփրայզ Արմենիա»-ն, բացի ոլորտներից ու ընկերություններից, թիրախավորել է նաև երկրների, որոնք կարևոր են Հայաստանի համար: Եվ ագրեսիվ մարքեթինգն իրականացվելու է հենց այդ երկրների ուղղությամբ: Այս տարի թիրախավորել են ԱՄՆ–ն, Գերմանիան և Ծոցի երկրներից Արաբական Միացյալ Էմիրությունները: Այս երկրներ հստակ առաջարկներով են գնալու: Հայաստանը ներկայացնելու են որպես տարածաշրջանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացում ունեցող երկիր:
«Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից իրականացվող միջոցառումները տարաբնույթ են: Ներդրումների ներգրավման ուղղությամբ այս տարի նախատեսում են արտերկրում մասնակցել մի շարք ոլորտային միջոցառումների, ցուցահանդեսների: «Մշակված են ցանկերը, թե որ ընկերություններին մենք պետք է կարողանանք թիրախավորել, հանդիպումներ կազմակերպել ու ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը»,–ասաց Գալյանը:
«Էնթերփրայզ Արմենիա»-ն ներդրողների կողքին է «սաղմնային փուլից» մինչև հետներդրումային շրջան, նրանց իրազեկում է նաև պետական աջակցության ծրագրերի մասին, որոնցից կարող են օգտվել, վերհանում են ներդրողների մոտ առկա խնդիրները, օրենսդրական կարգավորումների բարելավման առաջարկներ են ներկայացնում: «Էնթերփրայզ Արմենիա»-ն, փաստորեն, պետության և ներդրողների միջև կապող օղակ է հանդիսանում:
«Օտարերկրյա ներդրողների ներգրավման համար թիրախավորված են տուրիզմի և ժամանցի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտները»,–նշեց Գալյանը՝ հավելելով, որ տեղական ներդրողները մեծամասամբ ներդրումներ են իրականացնում գյուղատնտեսության, սննդի վերամշակման ոլորտներում:
Թե որ երկրներից են առավել շատ հետաքրքրվում Հայաստանում ներդրումներ իրականացնելով՝ Գալյանն ասաց. «Մեծամասնությունն Արաբական Միացյալ Էմիրություններից ու ԱՄՆ–ից: Եթե ակնկարկ անենք, թե որ երկրների ներդրումներն են ավելի շատ, ապա դրանք ռուսական կապիտալով ներդրումներ են: Որտեղ կա սփյուռք, այդտեղից էլ գալիս է ներդրումների ուժը»:
«Մինչև 2023 թվականը մեր աջակցությամբ մեկնարկել է 27 ներդրումային ծրագիր, ներդրումային ծավալը կազմել է 343 մլն դոլար: 2023 թվականին իրականացվել է 24 ծրագիր՝ 800 մլն դոլարով, իսկ 2024–ին՝ 16 ծրագիր՝ 110 մլն դոլարով: Այսինքն՝ 67 ծրագիր մեկնարկել է մեր աշխատանքների շնորհիվ»,–ասաց Գալյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանը գիտելիքահեն ներդրումների առումով առավելություն ունի, բավականաչափ մրցունակ է տարածաշրջանի երկրների համեմատ: Փոքր պետությունում զետեղվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային ընկերություններ: Օրինակ՝ միկրոչիպերի արտադրության խոշոր երկու ընկերություններ՝ NVIDIA–ն և AMD–Ն ունեն իրենց մասնաճյուղերը Հայաստանում: Ներդրողները գնահատում են աշխատաշուկայի կարողությունները:
Թե ինչն է օտարերկրյա ներդրողներին գրավում Հայաստանում, ինչ ընկերությունների հետ են բանակցություններ ընթանում, այս և այլ հարցերի պատասխանները կարող եք լսել փոդքասթում: