Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանի և Հնդկաստանի ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանը
1 րոպեի ընթերցում
![Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանի և Հնդկաստանի ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/EI23w9tnQ301wWSF3TjkoOeOj3lQOi2iuOoHTvjq.webp)
Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ողջունելով կոնկլավի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով հնդկական կողմին ջերմ հյուրընկալության համար՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։