Փաստաբանները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով հարկային օրենսդրության փոփոխությունների դեմ
4 րոպեի ընթերցում
Փաստաբանները փետրվարի 10-ին գործադուլ են հայտարարել. նրանք հրաժարվել են դատարաններում, իրավապահ մարմիններում իրավաբանական օգնություն տրամադրելուց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստաբանների ընդհանուր ժողովի ընթացքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
«Փաստաբաններն այսօր հրաժարվել են դատարաններում, իրավապահ մարմիններում տրամադրել իրավաբանական օգնություն։ Խնդիրը նրանում է, որ նախկինում փաստաբանները շրջանառության հարկ էին վճարում, ինչը ենթադրում էր նաև թեթև հաշվապահական հաշվառում, այսինքն՝ փաստաբանը պարտադրված չէր լինում իր ժամանակի մեծ մասը ծախսել նաև տարբեր հաշվապահական փաստաթղթեր ձեռք բերելու, ծախսերը հիմնավորելու վրա և, բնականաբար, քիչ էր շփումը հարկային մարմին-փաստաբան հարաբերություններում։ Հիմա այդ հարկը փոխարինվել է ավելացված արժեքի հարկով՝ 20 տոկոս և շահութահարկով՝ 18 տոկոս։ Սրան գումարվել է նաև հաշվապահական ծանր հաշվառում իրականացնելու բեռը»,- մանրամասնել է Զոհրաբյանը։
Նա լուրջ խնդիր համարեց այն, որ հարկային օրենսդրության փոփոխություններով փակվել է փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման ճանապարհը։ «Ավելացված արժեքի հարկի ռեժիմի համաձայն՝ եթե դու մատուցում ես անհատույց ծառայություն, ապա պետք է վճարես նաև այդ ծառայության 20 տոկոսը։ Սա բերելու է նրան, որ փաստաբաններն այլևս հրաժարվելու են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելուց, ինչն էլ հանգեցնելու է հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության ավելացմանը»,- ասել է նա։
Զոհրաբյանը նաև հավելել է, որ փաստաբանները, ի վերջո, այդ հարկերն ավելացնելու են իրենց ծառայությունների գնին, որն էլ վճարելու են նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիները։
Ընդհանուր ժողովի ընթացքում փաստաբանները քննարկել են հետագա քայլերը, եթե իրենց պահանջները չկատարվեն։ Մասնավորապես, փաստաբանները հանրագիր են ներկայացրել ՀՀ կառավարությանը, որպեսզի փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից, իսկ անվճար օգնությունը փաստաբանների կողմից առհասարակ ազատվի հարկերից՝ որպես վերջնաժամկետ է սահմանվել փետրվարի 11-ը։ Զոհրաբյանը հայտնեց, որ իրենց պահանջները չբավարարելու դեպքում նախատեսվում են բողոքի ակցիաներ՝ ավելի մասշտաբային քայլերով։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն էլ ընդգծել է, որ հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով տեղի է ունեցել փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի ավելացում։ «Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությանն ավելացավ ևս մեկ ծանրաբեռնվածություն՝ պայմանավորված նրանով, որ այն խմբերը, որոնք օգտվում էին մասնավոր փաստաբանական ծառայություններից, այսօր չեն օգտվում այդ ծառայություններից՝ հաշվի առնելով, որ այդ ծառայությունները կամ թանկացել են կամ փաստաբանները հնարավորություն չունեն այս կարգավորման պայմաններում մատուցել անվճար իրավաբանական ծառայություններ։ Այսօր փաստաբանները՝ ի նշան բողոքի, հրավիրել են ընդհանուր ժողով, օրակարգում դրված է դատապարտող հայտարարություն ընդունելու հարցը։ Մենք մեր համայնքի անունից մեր դժգոհություն ենք արտահայտում այս ոչ հիմնավորված հարկային օրենսդրության փոփոխության վերաբերյալ»,- նշել է Բաբայանը։