Քաղաքականություն

Մոսկվան գնահատում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ կապերը. Լավրով

3 րոպեի ընթերցում

Մոսկվան գնահատում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ կապերը. Լավրով

Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, և Ռուսաստանը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։ 

Սերգեյ Լավրովի դիտարկմամբ՝ 2024 թվականը հեշտ չի եղել երկկողմ հարաբերությունների համար, և Մոսկվան վճռական է անկեղծորեն քննարկել օրակարգային բոլոր հարցերն այն մթնոլորտում, որին աջակցում են Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները՝ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Համոզված եմ, որ մենք այժմ կառուցողականորեն կուսումնասիրենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի հետ։ Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթներն ամրապնդվեն ու զարգանան»,- նշել է նախարարը՝  դրա համար լավ հիմք համարելով ամենաբարձր մակարդակով կանոնավոր հանդիպումներն ու շփումները։  

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ 2024 թվականի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ այցելել է Մոսկվա․ մի դեպքում Անկախ պետությունների համագործակցության նիստի համար, ինչպես նաև եղել է Կազանում՝ ԲՐԻԿՍ+-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ 

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Արարատ Միրզոյանի հետ առանձին հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ առևտրաշրջանառության մասին՝ մատնանշելով, որ առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ նախորդ տարի կազմելով գրեթե 12 մլրդ դոլար։ 

«Մենք հուսով ենք, որ դա կնպաստի սոցիալ-տնտեսական զարգացմանը և այն խնդիրների լուծմանը, որոնք Հայաստանը դրել է իր առաջ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությունը տպավորիչ արդյունքներ է տալիս Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում։

Լավրովը նաև նշել է, որ 2025 թվականի մայիսին պատրաստվում են համատեղ տոնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում