Քաղաքականություն

ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Սերգեյ Լավրով

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի սուվերեն իրավունքն է համարում հարաբերութունների զարգացումն ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրոպական միության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Լավրովը, անդրադառնալով Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին Հայաստանի կառավարության կողմից հավանության տալու որոշմանը, նշել է, որ դա Երևանի ինքնիշխան ընտրությունն է, սակայն անհրաժեշտ է կշռադատել դրական և բացասական կողմերը: 

«Իհարկե, Հայաստանի օրինական ղեկավարության որոշումը՝ սկսելու որևէ միջազգային կառույցին միանալու գործընթաց, որտեղ նրան սպասում են, դա ինքնիշխան որոշում է: Բայց բոլոր դրական և բացասական կողմերը կշռադատելը, ևս, հավանաբար, Հայաստանի կառավարության, ղեկավարության և տնտեսական հատվածով զբաղվողների պարտականությունն է»,-նշել է Սերգեյ Լավրովը։

Խոսելով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվելիք փաստաթղթի մասին ռազմավարական գործընկերության վերաբերյալ՝ Լավրովը Երևանի այդ որոշումը ևս ինքնիշխան է համարել՝ ընդգծելով, որ Մոսկվան չի թելադրում, թե ում հետ պետք է համագործակցել։ 

«Երեկ ես լսեցի, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրելու։ Բայց դա երկու երկրների ինքնիշխան որոշումն է»,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

Ըստ նրա՝ գլխավորը ոչ թե այն է, թե ով ինչ է ստորագրել և ինչ է կոչվում փաստաթուղթը, այլ այն, թե ինչ է բխում դրանից։ 

«Մենք ևս օգտագործել ենք «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունն արևմտյան երկրների հետ մի շարք համաձայնագրերում, սակայն այդ համաձայնագրերը երբեք այս կամ այն ​​մասնակցից չեն պահանջել գործել երրորդ երկրի դեմ»,- ասել է Լավրովը։

Անդրադարձ կատարելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին՝ Լավրովը դրանք ոչ դյուրին է որակել։ 

«Ինչ վերաբերում է այսօրվա հարաբերություններին, ապա պաշտոնական մակարդակով դրանք հասարակ և հեշտ չեն»,- նշել է Սերգեյ Լավրովը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում